ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Դևիդ Ագուսը բժիշկ ուռուցքաբան է, ում աշխարհում ճանաչում են որպես Apple–ի հիմնադիր Սթիվ Ջոբսի բժիշկ։
Սթիվ Ջոբսն ուներ բոլոր հնարավորություններն այն ժամանակ լավագույն բուժումը ստանալու, սակայն փրկել նրան բժիշկը չկարողացավ։
Forbes–ի հետ զրույցում Ագուսը բացատրել է, թե ինչու չի կարողացել քաղցկեղից բուժել «Apple» ընկերության հիմնադրին։
«Երկու էական պահ. առաջինը, պրոֆիլակտիկան է։ Սթիվը երբեք չի դիմել կանխարգելիչ միջոցների։ Ամենապարզն ասպիրինն է։ Սա մարդկությանը հայտնի հնագույն դեղորայք է, որը կա ցանկացած դեղատանը, թանկ չէ։ Ապացուցված է, որ եթե ամեն օր օգտագործել ասպիրինի ցածր չափաբաժին (75 մգ), ուռուցքի զարգացման վտանգը նվազում է 30 տոկոսով, իսկ թոքերի, հաստ աղու և շագանակագեղձի քաղցկեղինը` 45 տոկոսով։ Պրոֆիլակտիկան և պարբերաբար հետազոտությունները հասանելի են գործնականում բոլորին`անկախ կենսամակարդակից»,– նշել է բժիշկը։
Ագուսի գնահատմամբ, Ջոբսն ուշ է եկել իր մոտ բուժման, իսկ բժիշկներն, ում նա դիմել էր մինչ այդ, սխալ բուժում էին առաջարկել։
«Սթիվն ուներ իր օրգանիզմը լսելու տաղանդ և գիտեր, թե ինչ է ուզում։ Բայց նա բժիշկ չէր։ Եվ քաղցկեղի հետ պայքարի սկզբում սխալ որոշում էր կայացրել. նա հրաժարվել էր վիրահատությունից, որը, մեծ հավանականությամբ, կարող էր փրկել նրա կյանքը»,– ասել է Ագուսը։
Սթիվ Ջոբսը մահացել է 2011թ.–ի հոկտեմբերի 5–ին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։ Նա 56 տարեկան էր։ –0–