ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Խաղամոլությունը ալկոհոլիզմի, ծխելու և թմրամոլության համեմատ ամենահեշտ բուժվող կախվածությունն է, երկուշաբթի ասաց հոգեբանական գիտությունների դոկտոր, հոգեթերապևտ Սամվել Խուդոյանը:
«Ես զարմանում եմ՝ ինչու է Եվրոպայում դա համարվում դժվար բուժելի: Մենք մի քանի սեանսով բուժում ենք խաղամոլներին իրենց կախվածությունից, հնարավոր է՝ դա ինչ-որ ձևով կապ ունի հայկական մենթալիտետի հետ»,- ասաց նա:
Խուդոյանը նշեց, որ մոլախաղերի նկատմամբ սերը երբեմն կապ ունի խաղացողներից դյուրահավատության հետ, նրանք նվեր են սպասում ճակատագրից, սակայն հոգեթերապիայի համապատասխան սեանսից հետո նրանք սկսում են սթափ նայել կյանքին:
Միաժամանակ Խուդոյանը նշեց, որ նույնը չի կարելի ասել թմրամոլության վերաբերյալ, քանի որ թմրամոլների բուժումը դժվար խնդիր է, որը ֆիզիկական ու հոգեբանական բուժում է պահանջում:
«բուժման կարևոր բաղկացուցիչ է հենց թմրամոլի՝ բուժվելու հաստատակամ ցանկությունն ու կամքի ուժի առկայությունը»,- ասաց Խուդոյանը:
Վերջին տվյալներով՝ Հայաստանում 10 արտոնագրված խաղատուն կա և 89 խաղասրահ:---0-