Հայաստանում մշակվում է ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի ազգային ծրագիրը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը:
«Մեր կողմից մշակվում են քաղցկեղի դեմ պայքարի հիմնական ուղղությունները, որոնք հաստատվել են Առողջապահության նախարարության կողմից: Խոսքը ոչ միայն հիվանդության կանխարգելման մասին է, այլ նաև բուժհաստատությունների արդիականացման՝ շենքերի վերանորոգման, տեխնիկական սարքավորման, աշխատավարձերի բարձրացման և մի շարք այլ գործոնների մասին»,-ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Գալստյանը:
Նա նշեց, որ ծրագրի քննարկումը հավանաբար առաջիկայում կավարտվի, որից հետո Առողջապահության նախարարությունը կառավարության հաստատմանը կներկայացնի այդ ծրագիրը:
Գալստյանը տեղեկացրեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Ուռուցքաբանության ազգային կենտրոնը սեփական միջոցների և պետական աջակցության հաշվին զինվել է 400 մլն դրամ (ավելի քան $1մլն) գումարի անհրաժեշտ սարքավորումներով:
Միաժամանակ նա ընդգծեց, որ շատ զարգացած երկրներում ուռուցքաբանության ոլորտի ֆինանսավորման 65-70 տոկոսն իրականացվում է մասնավոր ձեռնարկությունների և ընկերությունների նվիրատվությունների հաշվին, ինչը ցավոք չի գործում Հայաստանում:
Նա ավելացրեց, որ եվրոպական և ամերիկյան միջինացված տվյալների համաձայն, ուռուցքային հիվանդությունների բուժման միջին արժեքը մասնավորապես՝ Գերմանիայում և Ֆրանսիայում, կազմում է շուրջ 25-30 հազար եվրո:
Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանն իր հերթին նշեց, որ կենտրոնը նաև ծրագիր է մշակել նախաուռուցքային և ուռուցքային հիվանդությունների վաղ ախտորոշման ուղղությամբ, որն արդեն ներկայացվել է Առողջապահության նախարարությանը:
Ըստ նրա, նախարարությունն ընդունել է այդ ծրագիրը, և առաջիկայում պետք է լուծվի դրա ֆինանսավորման հարցը: -0-