Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը նախազգուշացնում է վարորդներին վարչական պատժի մասին տրանսպորտային միջոցների դիմապակուն տեխզննման և փակցվող ԱՊՊԱ կտրոնների բացակայության դեպքում:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքների համաձայն, ԱՊՊԱ պայմանագիր ունենալը, ինչպես նաև տեխնիկական զննության և ԱՊՊԱ կտրոնները տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր են, իսկ դրանց բացակայությունն առաջացնում է վարչական պատասխանատվություն, ասվում է երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությունում ստացված ՃՈ հաղորդագրության մեջ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին կնքել ԱՊՊԱ պայմանագրեր և տրանսպորտային միջոցը վարել միայն տեխնիկական զննության և ԱՊՊԱ կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարի մեկից: ԱՊՊԱ-ի նպատակը ավտոտրանսպորտային միջոցների շահագործման արդյունքում տուժածների պատշաճ փոխհատուցման վճարման ապահովումն է, ինչպես նաև տուժածների շահերի պաշտպանությունը: -0-