Ամերիկացի երգչուհի Բեյոնսե Նոուլզի և ռեպ կատարող Ջեյ-Զիի նորածինն ամենաերիտասարդ կատարողն է դարձել, ով հայտնվել է Billboard հիփ-հոփ աղյուսակում, հաղորդում է Billboard-ը:
Հունվարի 7-ին ծնված Բլյու Այվի Քարտերը ներկայացվել է որպես Ջեյ-Զիի Glory երգի կատարողներից մեկը: Billboard հիթ շքերթում երգը զբաղեցրել է 74-րդ տեղը: Ստեծագործության կատարողների թվում աստղային զույգի առաջնեկը նշված է B.I.C. անունով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հատկանշական է, որ հայրը ոչ միայն այդ ստեղծագործությունը նվիրել է իր դստերը, այլ նաև երգում օգտագործել է նրա լացի ձայները: Glory երգի տեքստում, ինչն անգլերենից թարգմանաբար նշանակում է Փառք, Ջեյ-Զին հիշատակում է նաև այն մասին, որ աղջնակը Փարիզում է սաղմնավորվել:
Ինչպես գրում են որոշ ԶԼՄ-ներ, Բեյոնսեն և Ջեյ-Զին ծննդաբերության ժամանակ վարձակալել են Նյու Յորքի հիվանդանոցներից մեկի ողջ հարկը, և աղջկա լույս աշխարհ գալուց հետո այն նաև սահմանափակված է եղել նույնիսկ բուժանձնակազմի համար: Ամերիկացի երգչուհի Բեյոնսեի հղիության մասին հայտնի է դարձել 2011թ.-ի օգոստոսի 28-ին, երբ նա հայտնվել էր Լոս Անջելեսում կայացած MTV Video Awards արարողությանը: -0-