Հունվարի 10-ին Մոսկվայի Բոտկինյան հիվանդանոցում 87 տարեկան հասակում կյանքից հեռացել է Խորհրդային Միության հայազգի հերոս-հետախույզ Գևորգ Վարդանյանը:
Մահվան պատճառ է դարձել քաղցկեղը:
Գևորգ Վարդանյանը ծնվել է 1924 թվականի փետրվարի 17-ին Դոնի-Ռոստովում: 1930 թվականին Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Իրան:Գևորգ Վարդանյանի հայրը կապված էր ռուսական ներքին հետախուզության հետ և հոր ցանկությամբ տղան դարձավ հետախույզ: Ընդամենը 16 տարեկան պատանի էր, երբ կյանքը խորհրդային հետախության հետ կապեց Գևորգ Վարդանյանը:
1940 թվականից ղեկավարում էր հատուկ խումբ, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետախույզների բացահայտմամբ: Երկու տարում նրա խումբը բացահայտել է ավելի քան 200 մարդու, որոնք ինչ-որ կերպ կապ են ունեցել գերմանական հետախուզության հետ: Գևորգ Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943 թվականը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների (Ստալին, Ռուզվելտ, Չերչիլ) անվտանգությունը:
Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել էր կանխել այդ «մեծ եռյակի» ղեկավարների դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը:--0-