Գրիպի և ՇՍՀ-ի համաճարակային վիչակը Հայաստանում այս պահին կայուն է, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարության Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը:
«Հոկտեմբերի վերջից մենք երկրի համաճարակային վիճակի ամենօրյա մոնիթորինգ ենք իրականացնում, և կարող եմ փաստել, որ ներկայում Հայաստանում գրիպի և ՇՍՀ-ի բարդ ձևերի, ինչպես նաև լուրջ բարդացումների դեպքեր չեն արձանագրվել»,- հայտնեց նա, ընդգծելով, որ ամենօրյա մոնիթորինգը կշարունակվի, և իրավիճակը վերահսկվում է:
Վանյանի տվյալներով, ամանորյա տոների ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է սննդային թունավորման մեկ, ալկոհոլի չարաշահման 15 դեպք, իսկ աղիքային հիվանդությունների դեպքերը հազվադեպ են պատահել:
Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն իր հերթին նշեց, որ տոնական օրերին «Շտապօգնության» ծառայությունն աշխատել է ուժեղացված ռեժիմով:
«Տոնական օրերին «Շտապօգնության» ծառայությունում օրական ստացվել է մոտ 711 կանչ, և դիմած բոլոր քաղաքացիները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն»,- ասաց նա: -0-