Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին Հայաստանում ձյան կամ անձրևի տեսքով տեղումների հավանականությունը փոքր է, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Ըստ նրա, տեղումների փոքր հավանականություն կա Շիրակում և Արարատյան դաշտի հյուսիսարևմտյան շրջաններում, իսկ մյուս վայրերում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 29-31-ն Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը գիշերը սպասվում է 4-7 աստիճան ցուրտ, իսկ հունվարի 1-5-ը գիշերն օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա՝ կազմելով 1-5 աստիճան ցուրտ, իսկ ցերեկը 1 աստիճան ցրտից մինչև 4 աստիճան տաքություն:
Այդ օրերին օդի ջերմաստիճանը համեմատաբար բարձր կլինի նաև լեռնային շրջաններում՝ գիշերն օդի ջերմաստիճանը կկազմի 11-16 աստիճան ցուրտ, ցերեկը՝ 3 աստիճան ցրտից մինչև 2 աստիճան տաքություն: -0-