Հայաստանի Հանրային ռադիոյի 85-ամյա և Հանրային հեռուստատեսության 55-ամյա հոբելյանների կապակցությամբ դեկտեմբերի 24-ին Օպերային թատրոնում տոնական համերգ կկազմակերպվի, հայտնեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը:
«Ողջ համերգը հոյակապ մի բեմականացում կլինի, որը նման կլինի մյուզիքլի: Այդ օրը բեմ դուրս կգան շուրջ 160 դերասաններ, որոնց թվում՝ պարողներ, էստրադային և օպերային երգիչ-երգչուհիներ»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ամիրյանը:
Ըստ նրա, համերգի ծրագրացանկը կազմված է օպերային ստեղծագործություններից և էստրադային հիթերից: «Ուզում եմ նշել մի քանի հեղինակների անուններ, որոնց ստեղծագործությունները հնչելու են համերգին՝ Դուվալյան, Կոտոյան, Ջրբաշյան, Բաբաջանյան, Ջիվանի, Սայաթ-Նովա, ինչպես նաև՝ Ալբերտո Պեստա, Սթիվի Ուանդեր, Դեմիս Ռուսոս»,- ասաց Ամիրյանը:
Նա ընդգծեց, որ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները կկատարեն հայտնի ժամանակակից հայ էստրադային և օպերային երգիչներ՝ Հայկոն, Նունե Եսայանը, Սարգիս Աղամալյանը, Սիլվա Հակոբյանը, Զարուհի Բաբայանը, Հովհաննես Այվազյանը, Հայկ Տիգրանյանը, Գևորգ Հակոբյանը:
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության (ՀՀՌԸ) խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն իր հերթին բոլոր աշխատակիցներին շնորհավորեց հոբելյանի կապակցությամբ՝ նշելով, որ ՀՀՌԸ-ի կոլեկտիվը, որը մինչ օրս պահպանում է առաջատարի դիրքերը, բաղկացած է ինչպես «երկարակյաց» աշխատակիցներից, այնպես էլ՝ երիտասարդ կադրերից:
Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը (ՀՀՀ) պետական հեռուստաընկերություն է: Բացի Հայաստանից, ՀՀՀ-ն հեռարձակուիմ է նաև ԱՊՀ-ի, Եվրոպայի, Մերձավոր և Միջին Արևելքի, ԱՄՆ-ի և Կանադայի, Հյուսիսային Աֆրիկայի, Սիբիրի, Հեռավոր Արևելքի և Ավստրալիայի տարածքներում: -0-