Հայաստանի կենսաթոշակային բարեփոխումներն առաջիկա տասը տարիներին կփոխեն հասարակության տնտեսական մտածելակերպը և կդառնան տնտեսական բարեփոխումների հիմնական շարժիչ ուժը, ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Մեր բարեփոխումները հիմնված են հոգեկերտվածքի և քաղաքացիների մոտիվացման փոփոխման վրա: Մենք միջավայր ենք ստեղծում ազատ մտածող մարդկանց համար: Աշխատող քաղաքացիները հասկանում են, որ իրենք են պատասխանատու իրենց ապահով ծերության համար և արդեն այսօր պետք է քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ»,- ուրբաթ ասաց վարչապետը կենսաթոշակային առաջին տարեկան համաժողովում:
Սարգսյանը նշեց, որ երկրի քաղաքացիները, ամսական վճարումներ իրականացնելով կուտակային ֆոնդում, հնարավորություն կունենան հետևելու, թե որքան միջոցներ են կուտակվել իրենց հաշվին, իսկ «պետությունը կկրկնապատկի քաղաքացիների այդ կուտակումները»:
«Դա նշանակում է, որ քաղաքացիները միշտ կիմանան, թե որքան միջոցներ ունեն ապահով ծերության համար և որքանով արդյունավետ են դրանք կառավարվում»,- պարզաբանեց նա:
Վարչապետի խոսքով, նոր համակարգի մյուս կարևոր տարրն այն է, որ պետությունը պարտավոր է ֆինանսական նոր ենթակառուցվածքներ ստեղծել, որոնք կսպասարկեն այդ բարեփոխումները և համակարգը:
Նա նշեց, որ, նախևառաջ, պետք է բարենպաստ միջավայր ստեղծվի այն ներդրումային ֆոնդերի համար, որոնց նկատմամբ օրենսդրական մակարդակով խիստ սկզբունքներ են սահմանվել:
«Կուտակած ֆինանսական միջոցների կառավարումը պետք է տարվի ռիսկի հստակ սկզբունքների շրջանակներում: Օրենսդրությունն այդ կոշտ պայմանն առաջ է քաշում, որ ապահովի մեր քաղաքացիների կուտակած միջոցների անվտանգությունը»,- ասաց նա:
Սարգսյանն ավելացրեց, որ օրենքին համապատասխան պետությունն իր վրա պետք է վերցնի այդ ռիսկերի մեծ մասը:
«Մեզ պետք են հուսալի ընկերություններ, որոնք նման ֆինանսական միջոցների հետ աշխատանքի փորձ ունեն, և պետության ջանքերը պետք է ուղղվեն այդպիսի ընկերությունների ներգրավմանը և մեր ֆինանսական համակարգի գրավչության ցուցադրմանը»,- ասաց նա:
Կարևորելով անձնական հաշիվների ստեղծման հարցը՝ կառավարության ղեկավարը նշեց, որ անհատական հաշվառման էլեկտրոնային համակարգը պետք է աշխատի այնպես, որ քաղաքացիները հնարավորություն ունենան էլեկտրոնային ձևաչափով հետևել իրենց հաշիվների վրա կուտակած միջոցների չափին:
«Դա բավականին լուրջ աշխատանք է ենթադրում, այդ թվում՝ ծրագրավորողների, ինչպես նաև NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի մասնակցությամբ, որն այդ գործառույթների իրականացման գործում կլինի մեր հիմնական օպերատորը»,- պարազբանեց նա:
Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2011 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակային կամավոր կուտակային համակարգի ներդրման միջոցով: 2014 թվականի հունվարի մեկից երկրի կուտակային կենսաթոշակային համակարգը կներդրվի պարտադիր կարգով այն քաղաքացիների համար, ովքեր ծնվել են 1974 թվականի հունվարի մեկից հետո: -0