Հայուհիներն ավելի հաճախ են ամուսնանում օտարերկրացիների հետ, որովհետև ձևավորվել է մի կարծրատիպ, որի համաձայն նրանք իբր արժանի և բարեկեցիկ ապագա չունեն հայրենիքում, կարծում է հոգեբան Կարինե Նալչաջյանը:
«Անշուշտ, այստեղ կարող են լինել նաև սոցիալական և այլ պատճառներ»,- ասաց փորձագետը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:
Հոգեբանն ընդգծեց, որ ամուսնությունը յուրաքանչյուր մարդու անձնական գործն է, սակայն երբ հարցը վերաբերում է միջէթնիկ միություներին, սա լուրջ խնդիր է դառնում, քանի որ խառն ամուսնությունները հաճախ փոքր ժողովուրդների ձուլման պատճառ են դառնում:
Նա նշեց նաև, որ միջէթնիկ միությունները ռիսկի ավելի մեծ տարրեր են պարունակում, քանի նույն ազգության ներկայացուցիչների հետ ամուսնությունները:
Ըստ նրա, տարբեր ազգությունների ամուսինների միջև տեղ գտած տարակարծությունները, այդ թվում՝ երեխաների դաստիարակության հարցում, կարող են առաջանալ տարբեր հոգեկերտվածքից:
Ինչ վերաբերում է այն կարծիքին, թե օտարերկրացիների հետ ավելի հաճախ ամուսնանում են ամուսնալուծված կանայք, որոնց համար դժվար է նորից կառուցել իրենց կյանքը հայ տղամարդկանց կարծրատիպերի պատճառով, Նալչաջյանը նշեց, որ այսօր Հայաստանում անցյալում բացասական անձնական փորձ ունեցած կանայք այդքան էլ մեկուսացած չեն հասարակությունից, ինչպես նախկինում, և երկրորդ անգամ ընտանիք ստեղծելու մեծ հնարավորություններ ունեն:
«Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանն իր հերթին նշեց, որ գործակալության գործունեության արդյունքներով 2011 թվականին օտարերկրացիների շրջանում իր երկրորդ կեսին են գտել տասը հայուհիներ:
Նա ասաց, որ հայ հարսնացուները փեսացուներ են նախընտրում Իսպանիայից և ԱՄՆ-ից, ընդ որում՝ արտասահմանից արքայազն գտնելու հնարավորություններն առավել բարձր են 20-40 տարեկան հավակնորդների շրջանում:
Գործակալության տնօրենը նշեց նաև Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայ աղջիկների հետ հայ տղամարդկանց ամուսնության եզակի դեպքերը: Նրա ուսումնասիրություններով, հայուհիները, որպես օջախի իրական պահապաններ, մինչ այսօր նախընտրում են ամուսնանալ իրենց ազգի ներկայացուցիչների հետ, որտեղ էլ որ նրանք ապրեն:
Բաղիշյանը հայտնեց, որ 2011 թվականի ընթացքում հանրապետության տարածքում գործակալության գործունեության շնորհիվ 60 նոր զույգ է ձևավորվել:
Արդարադատության նախարարության տվյալներով, 2011 թվականի հունվարից նոյեմբեր ամիսների ընթացքում արձանագրվել է օտարերկրացի քաղաքացիների հետ ամուսնության 934 դեպք 2010 թվականի 1230-ի դիմաց: Նախարարությունից միաժամանակ նշում են, որ Արդարադատության նախարարությունը օտարերկրացիների հետ ամուսնալուծությունների վիճակագրություն չունի, քանի որ ամուսնալուծության ակտը կարող է գրանցվել երկրագնդի ցանկացած կետում: -0-Ն.Ա.