ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «ԶԼՄ-ներն և խոսքի ազատությունը մասնագիտական պատասխանատվության և իրողությունների համատեքստում» թեմայով համաժողով կանցկացվի դեկտեմբերի 16-ին Հայաստանի ֆրանսիական համալսարանում:
Ինչպես հաղորդում են միջոցառման կազմակերպիչները, համաժողովը կրելու է գիտակրթական բնույթ: Ոլորտի մասնագետների և ուսանողների մասնակցությամբ նախատեսված են խոսքի ազատությանն ու ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող հարցերի քննարկումներ: Համաժողովի շրջանակներում ելույթ կունենան եվրոպացի և հայ փորձագետներ:
Համաժողովի բացման արարողությանը կմասնակցեն Հայաստանի ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լե Մորզելեկն ու ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Օննո Սիմոնսը:-0-