ՀՀ ազգային ժողովում չորեքշաբթի մեկ րոպե լռությամբ հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:
Ողբերգության 23-րդ տարելիցի կապակցությամբ շատ խորհրդարանականներ բացակայել են նիստերի դահլիճից, ինչի կապակցությամբ ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանը որոշում է կայացրել մի շարք օրինագծերի, այդ թվում՝ 2012թ.-ի պետբյուջեի նախագծի քվեարկությունը հետաձգել մինչև հինգշաբթի:
1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։Եվս մի քանի քաղաքներ ավերվեցին մասամբ:
Երկրաշարժի 6-բալանոց գոտին ընդգրկել էր շուրջ 30.000 քառակուսի կիլոմետր տարածք, ստորգետնյա ցնցումները զգացվել էին Երևանում և Թբիլիսիում:
Գիտնականների հաշվարկներով, երկրաշարժի ժամանակ երկրակեղևի ճեղքման գոտում դուրս է ժայթքել Հիրոսիմայի վրա գցված տասը ատոմային ռումբերի պայթյունին համարժեք էներգիա։ Երկրաշարժի ալիքը տարածվել է աշխարհով մեկ և արձանագրվել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Ավստրալիայի սեյսմիկ կայանների կողմից:
Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, դրա ուժգնությունը հասել էր 10 բալի, Լենինականում (Գյումրի)՝ 9 բալի, Կիրովականում (Վանաձոր)՝ 8 բալի։ Սպիտակ քաղաքն ավերվել էր հիմնովին:
Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդամներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։--0—