Մոտ 100 հաշմանդամ երեխաների աշխատանքներ են ցուցադրվում երկուշաբթի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում բացված Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված ցուցահանդես-տոնավաճառում, հայտնեց «Փյունիկ» հաշմանդամների միություն հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Աբրահամյանը:
Ցուցահանդես-տոնավաճառը կշարունակվի մինչև դեկտեմբերի 14-ը: Բոլոր ցանկացողները կարող են հաշմանդամ-երեխաների նկարած աշխատանքներ, ուլունքներից պատրաստած զարդեր, բատիկ, կավե սափորներ, հուշանվերներ, ասեղնագործ, կիրառական արվեստի այլ նմուշներ ձեռք բերել:
«Դեկտեմբերի 3-ից մեր երկրում հայտարարված է հաշմանդամների միամսյակ, և ցուցահանդեսն անցկացվում է այդ միամսյակի շրջանակներում: Այստեղ ներկայացված են մեր կենտրոնի երեխաների աշխատանքները, որոնք ստեղծվել են մեկ տարվա ընթացքում»,- լրագրողներին հայտնեց Աբրահամյանը: Նա նշեց, որ իրացված աշխատանքների հասույթն ամբողջությամբ փոխանցվում է պատանի հեղինակներին:
Հայաստանում ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվության դեպարտամենտի ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն իր հերթին նշեց, որ ցուցահանդեսի կազմակերպման հարցում «Փյունիկ» հաշմանդամների միությանն օժանդակել են Հայաստանի կառավարությունը, «Հայկական ճամբար» և «Էմանուել» հասարակական կազմակերպությունները:
Նա նշեց, որ այս տարի Հաշմանդամների օրվա թեման է՝ «Լիարժեք մասնակցություն և հավասարություն», և այդ կապակցությամբ ՄԱԿ-ի անդամ երկրներում անցնում են Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված տարբեր միջոցառումներ:
Դոցենկոն ավելացրեց, որ այն 30 տարիների ընթացքում, որ ՄԱԿ-ը նշում է Հաշմանդամների միջազգային օրը, հաշմանդամերի իրավունքների վերաբերյալ իրազեկվածության զգալի աճ է նկատվել:
1992 թվականին ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովը դեկտեմբերի 3-ը հռչակել է Հաշմանդամների միջազգային օր՝ ավարտելով 1983 թվականին մեկնարկած Հաշմանդամների տասնամյակը: Այդ ժամանակահատվածում ընդունվել են սահմանափաեկ կարողություններով անձանց դրության բարելավմանն ուղղված մի շարք միջազգային փաստաթղթեր:
-0-