ՀՀ խորհրդարանը երեքշաբթի երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Արյան և արյան բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքում առաջարկված փոփոխությունները, ինչպես նաև դրանց ուղեկցող օրենքները:
Ինչպես փոփոխությունները ներկայացնելիս ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը, օրինագիծն առաջին անգամ օրենսդրական մակարդակով կարգավորում է արյան և նրա բաղադրամասերի փոխներարկման հարցերի պետական քաղաքականության հիմքերը, ինչպես նաև պայմանավորում է կարգավորման և վերահսկման գործընթացը:
«Լրացումներով որոշվում է արյան դոնորների ռեեստրի ստեղծման և վարման կարգը, ինչպես նաև գրանցման, տեղեկատվության ստացման կարգը և պետական մարմինների լիազորությունները», - պարզաբանել է Սահակյանը:
Նրա խոսքով՝ սահմանվել են նաև արյան և նրա բաղադրամասերի դոնորության կազմակերպման մոտեցումներն ու սկզբունքները, այդ թվում նաև դոնորների իրավունքներն ու պարտականությունները, նրանց տրամադրվող արտոնությունները, դոնորներից արյուն վերցնելու գործընթացները:
Նախատեսված են նաև արյան կամ դրա բաղադրամասերի պատրաստման, պահպանման, տեղափոխման, ախտահանման հարցերի նկատմամբ հիմնական պահանջները:-0-