Մոսկվայում հերթական գեղեցիկ ամսաթվին՝ 11.11.2011-ին, ամուսնության ավելի քան 1,1 հազար դիմում է ներկայացվել, ինչը կրկնակի շատ է, քան նոյեմբերի սովորական օրերին, ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել Մոսկվայի ՔԿԱԳ-ի վարչության մամուլի քարտուղար Եվգենիա Սմիրնովան:
Վերջին տարիներին ավանդույթ է ձևավորվել պսակադրություն կազմակերպել թվերի անսովոր զուգադրության օրերին, որոնք «երջանիկ» են համարվում, դա նաև տարածվել է մոսկվայաբնակների շրջանում: Այսպես «երեք յոթ» (07.07.2007), «երեք ութի» (08.08.2008) և «երեք իննի» (09.09.2009) օրերին Մոսկվայի ՔԿԱԳ-ներում ամուսնանալ ցանկացողների հերթեր էին գոյանում: Օրինակ 2009թ.-ի սեպտեմբերի 9-ին ամուսնության ցանկություն է ունեցել ավելի քան հազար զույգ, իսկ 2008թ.-ի օգոստոսի 8-ին գրանցվել է շուրջ 1,7 հազար ամուսնություն:
«2011թ.-ի նոյեմբերի 11-ին ամուսնության 1,179 հազար դիմում է ընդունվել, նոյեմբերի և ուրբաթ օրվա համար սա մեծ թիվ է: Սովորաբար ներկայացվում է շուրջ 500 դիմում», - նշել է գործակալության զրուցակիցը:
Նա ավելացրել է, որ երիտասարդ մոսկվայաբնակները հետաքրքրություն են դրսևորում գեղեցիկ ամսաթվերի նկատմամբ: «Իհարկե, սա այն իրարանցումը չէ, որը գրանցվել է 07.07.2007-ին, սակայն ապագա նորապսակների շրջանում հաստատ հետաքրքրություն կա 11.11.2011 ամսաթվի նկատմամբ», - նշել է Սմիրնովան:
Նրա խոսքով՝ չնայած աշնանն ու ոչ տաք եղանակին՝ որոշ զույգեր ամուսնության գրանցման հանդիսավոր արարողության գրանցման վայր են ընտրում քաղաքային այգիները, պարտեզներն ու թանգարանները:-0-