Universal ստուդիան պատրաստվում է ֆիլմ նկարահանել իտալացի նկարիչ և գիտնական Լեոնարդո դա Վինչիի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Variety կինոռեսուրսին:
Հատկանշական է, որ ֆիլմը կնկարահանվի արկածային մարտաֆիլմի ժանրում:
Նախագծի վերաբերյալ մանրամասները քիչ են՝ սցենարը գրել է «Գաղտնի գործակալներ» (M.I.High) սերիալի հեղինակ Ջոնի Կուրցմանը, իսկ ժապավենի պրոդյուսերը կլինի Lawrence Gordon ընկերությունը, որը հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են՝ «Պահապանները» (Watchmen), «Հելբոյը» (Hellboy) և «Հիթմենը» (Hitman):
Թե ինչպիսին կլինի «Մոնա Լիզայի» և «Խորհրդավոր ընթրիքի» ստեղծողի էկրանային կերպարը, չի հստակեցվում, բայց ստուդիայից հիշեցնում են, որ Լեոնարդոն ոչ միայն գեղանկարիչ էր, այլ նաև մաթեմատիկոս, բնագետ և ինժեներ՝ նրան են վերագրում հեծանիվի, պարաշյուտի և տանկի նախագծումը, բացի այդ, նա շատ է խորհել թռչող սարքերի ստեղծման շուրջ, միաժամանակ բարեհաջող կատարելագործել է հրազենը:
Ավելի վաղ բլոքբասթերների սյուժե էին դառնում հիմնականում Լեոնարդոյի ստեղծագործությունները՝ Դեն Բրաունի մոտիվներով ամենամեծ աղմուկ հանած «Դա Վինչիի կոդը» (2006), որը կինովարձույթում հավաքել էր ավելի քան 700 միլիոն դոլար: -0-