ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ում մեծ համբավ վայելող կանադացի երգիչ Ջասթին Բիբերն ուրբաթ հայտարարել է, որ իրենից ալիմենտ պահանջող կնոջ երեխայի հայրն ինքը չէ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ասոշիէյթիդ Պրես գործակալությանը:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 31-ին, 20-ամյա Մերայա Յիթերը (Mariah Yeater) Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի դատարան հայց է ներկայացրել Բիբերի դեմ՝ երեխային պահելու համար վերջինից 12 հազար դոլարկի չափով ամենամսյա փոխհատուցում պահանջելով: Ըստ Յիթերի, 2010թ.-ի հոկտեմբերին Լոս Անջելեսում կայացած Բիբերի համերգից հետո նա սեռական կապ է ունեցել նրա հետ: Ինչպես հայտնում է կինը, 2010թ.-ի հոկտեմբերի 25-ին նա «Ջասթին Բիբերի հետ չպաշտպանված սեռական հարաբերություն է ունեցել», որի հետևանքով 2011թ.-ի հուլիսի վեցին տղա է լույս աշխարհ բերել:
«Դրանցից ոչ մեկը (երեխայի ենթադրելի հայրության վերաբերյալ Յիթերի հայտարարություններից) չի համապատասխան իրականությանը»,- Ասոշիէյթիդ Պրեսը մեջբերում է Բիբերի խոսքը:
Ակնկալվում է, որ երիտասարդ երգիչը, ով այժմ 17 տարեկան է, դեկտեմբերի 15-ին դատարանում կհայտնվի: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ ոստիկանությունը հնարավոր է հետաքննություն սկսի Յիթերի նկատմամբ, քանի որ Բիբերի հետ ունեցած իր կապի պահին երիտասարդ աստղն ընդամենը 16 տարեկան է եղել: -0-