Հայ աշակերտներին օգտակար կլիներ ուսումնասիրել ԱՊՀ պատմությունը նորագույն պատմության դպրոցական ծրագրի շրջանակներում, հինգշաբթի հայտարարեց ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Հանձնաժողովի նիստի շրջանակներում քննարկվել են Համագործակցության շրջանակներում մշակույթի, տեղեկատվության, զբոսաշրջության և սպորտի ոլորտի արդիական հարցերը, այդ թվում բարձրացվել է ԱՊՀ երկրների պատմության գրքի ստեղծման հարցը:
«Գիրքը պետք է ոչ թե այս կամ այն պետության պատմության վերաբերյալ լինի, այլ ԱՊՀ 20-ամյա պատմության մասին, ԱՊՀ-ի մասին՝ որպես կառույցի և համաշխարհային գլոբալիզացիայի գործընթացում նրա ունեցած դերի մասին»,- ասաց Շարմազանովը:
ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի հարցերի հանձնաժողովի նախագահ Եվգենի Տարլոն էլ նշեց, որ շատ դպրոցականների մոտ հարց է առաջանում՝ «ի՞նչ է ԱՊՀ-ն» և որպեսզի ճիշտ և առավելագույն մանրամասն պատասխան տրվի այդ հարցին, անհրաժեշտ է գիրք ստեղծել, որը սպառիչ տեղեկություն կտրամադրի:
«Դասագրքի պատրաստումը հեշտ չէ, այն պետք է լինի կշռադատված, ճշգրիտ, այնտեղ պետք է ոչ մի կասկածելի արտահայտություններ չլինեն, որոնք կարող են համագործակցության երկրներից որևէ մեկի շահերը շոշափել»,- ընդգծեց Տարլոն:
Նիստի ընթացքում նաև անդրադարձ կատարվեց երկրի հնագիտական ժառանգության պահպանման հարցին:
«Համագործակցության երկրները սեփական մշակույթի հսկայական պատմություն ունեն՝ նյութական և հոգևոր, և այժմ դա պեղումների առարկա է հանդիսանում, մասնավորապես՝ անօրինական պեղումների կամ շինարարների անփույթ վերաբերմունքի, որի հետևանքով քանդվում են երկրի պատմության հուշարձանները»,- ավելացրեց Տարլոն:
Ըստ նրա, հնագիտական ժառանգության պահպանման մասին օրենքի մոդել կմշակվի, որը կարող է հիմք հանդիսանալ առանձին երկրների ազգային օրենսդրության համար:
Բացի այդ, հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ հանձնաժողովի օրակարգի համաձայն քննարկվելու է 2014թ.-ի Սոչիի օլիմպիադայի շրջանակներում Երաժշտական արվեստի միջազգային փառատոնի անցկացման հարցը: -0-