«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անչափահաս կալանավորների աշխատանքները չորեքշաբթի ներկայացվել են փայտից և կերամիկայից պատրաստած իրերի ցուցահանդեսում, որը նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին:
Ցուցահանդեսն անցկացվել է Ժողովրդական ստեղծագործության թանգարանում, որտեղ ներկայացվել են «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնի» սաների ձեռքով պատրաստած մի քանի տասնյակ աշխատանքներ:
Կենտրոնի ղեկավար, դիզայներ Թեմիկ Խալափյանի խոսքով, կենտրոնը միակն է երկրում և այդ տեսանկյունից օրինակելի է:
2008 թվականին կենտրոնն արժանացել է Մ.Վ.Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի Փոքր Ակադեմիայի իսկական անդամի կոչման:
«Անչափահասները սխալվելու իրավունք ունեն, բայց մենք՝ հասուն և գիտակից մարդիկ, պետք է օգնենք նրանց զարգացնել իրենց լավ հատկանիշները և այն ներուժը, որն ունի մեր երկրի երիտասարդ սերունդը»,- ասաց Խալափյանը:
Ըստ նրա, երիտասարդները լավագույն վարպետների մոտ ուսանելու և ավարտելուց հետո մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն ունեն, որը նրանց կօգնի հաստատվել հասուն կյանքում:
«Մեր կենտրոնը բավական աշխատատար գործ է կատարում, բայց, ցավոք, պետությունը որևէ ֆինանսավորում չի իրականացնում և չի աջակցում մեզ, թեև մենք բազմիցս դիմել ենք տարբեր ատյանների: Շնորհակալ ենք բոլոր բարերարներին և մեր ընկերներին՝ կենտրոնին օգնելու և ֆինանսավորելու համար»,- նշեց Խալափյանը:
Կենտրոնի ղեկավարը հատուկ շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյին, որը ողջ ամռան ընթացքում ֆինանսավորել է կենտրոնի գործունեությունը:
«Հիմնական խնդիրը կենտրոնի սաների մեծաթիվ լինելու պատճառով նյութերի և գործիքների պակասն է, բայց հույս ունենք, որ դա չի խանգարի մեզ շարունակել օգնել երիտասարդներին իրենց տաղանդի և ընդունակությունների բացահայտման գործում»,- ավելացրեց Խալափյանը:
2010-2011 թթ. ուսումնական ծրագրին մասնակցել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող մոտ 100 անչափահաս դատապարտյալներ: -0-