ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ավելի քան 500 հազար փաստաթուղթ և ամբողջ աշխարհի ձեռագիր մշակույթի կոթողներ են պահվում Երևանի Մատենադարանում, երկուշաբթի հաղորդեց արխիվային բաժնի վարիչ Արա Խզմալյանը:
«Այստեղ ներկայացված են ոչ միայն հայկական գրավոր խոսքի նմուշներ, այլ նաև հայտնի ձեռագրեր, գրվածքներ, հրամաններ, ողջ աշխարհի հայտնի մարդկանց կնիքներ, և այսօր համաժողովի բացման պատվին մենք մեր արխիվում պահվող ամենաբացառիկ փաստաթղթերի ոչ մեծ ցուցադրություն ենք անցկացնում»,- ասաց Խզմալյանը:
«Հիշողության կերպարանքներ. Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով գիտաժողով-սեմինար կանցկացվի Երևանում՝ հոկտեմբերի 24-28-ը: Սեմինարը նվիրվում է հայ գրատպության 500-ամյակին՝ Հայաստանի մշակույթի նախարարության և Մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի (ՄՀՄՀ) օժանդակությամբ:
Ըստ նրա, գիտաժողովի՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 50 հյուրերը կկարողանան ծանոթանալ ձեռագրերի բացառիկ նմուշների հետ, որոնց վերականգնման համար երկար տարիներ են պահանջվել:
«Մեր ցուցահանդեսում մենք մեր հյուրերին կներկայացնենք Նապոլեոն Բոնապարտի նամակը, Հյուգոյի ստորագրած հրավերը, Գյոթեին հասցեագրված նամակը, ինչպես նաև հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի ձեռագիր բանաստեղծությունները»,- ասաց Խզմալյանը:
Ցուցահանդեսում կներկայացվեն նաև ռուս Նիկոլայ Բ արքայի հրամանն ու կնիքը, վրաց թագուհու նամակը և Ալեքսանդր Առաջինի կողմից Հովհաննես Լազարյանին տրված պատվոգիրը:
Բացի այդ, ցույց տալով թանգարանի պահոցը համաժողովի հյուրերին և մասնակիցներին՝ Խզմալյանը նշեց, որ Մատենադարանի նոր մասնաշենքը զինված է անվտանգության նորագույն տեխնիկայով, ապահովված է ջերմաստիճանային անհրաժեշտ պայմաններով, ինչպես նաև հատուկ պահարաններով և գրադարակներով, որոնք պահպանում են թթվածնի հավասարակշռությունը և երկարացնում ձեռագրերի ու փաստաթղթերի կյանքը:
«Մատենադարան» հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի նոր մասնաշենքը բացվել է սեպտեմբերի 20-ին: Մեծ գրապահոցից բացի, նոր մասնաշենքում է գտնվում ժամանակակից սարքավորումներով զինված ռեստավրացիոն բաժինը: --0-