Երևանում անցկացվող գիտաժողովի շրջանակներում Հայաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի գիտնականները կքննարկեն քաղցկեղի հիվանդությունների ախտանշանների վաղ ախտորոշման հետ կապված հարցերը, ասաց Բիոքիմիայի հայկական ասոցիացիայի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Գալոյանը:
«Մարդուն բնորոշ հիվանդությունների վաղ ախտանշանները» միջազգային չորրորդ գիտաժողովն առաջին անգամ անցնում է Երևանում հոկտեմբերի 13-14-ը: Կազմակերպիչներն են՝ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան բիոքիմիայի ինստիտուտը, Հայաստանի բիոքիմիայի ասոցիացիան, Իլ դը Ֆրանսի ֆրանսիական դեպարտամենտը և CNRS ֆրանսիական ակադեմիան:
«Հիվանդությունների առաջնային ախտանշանների ուսումնասիրմանը նվիրված գիտաժողովին զեկույցներով կներկայանան խոշոր ուռուցքաբան-գիտնականներ՝ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Հայաստանից»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Գալոյանը:
Ըստ նրա, շատ դեպքերում հիվանդության ախտորոշումը սխալ է լինում, երբ բժիշկը տեղյակ չէ, երբ է սկսվել այդ գործընթացը: Նա նշեց, որ հաճախ օնկոլոգիական հիվանդություններով տառապող մարդիկ չգիտեն իրենց հիվանդության մասին, և այդ պատճառով ողջ աշխարհով լուրջ ուսումնասիրություններ են անցկացվում, այդ թվում՝ ուռուցքաբանության և արյան փոխներարկման ինստիտուտներում:
Նա ավելացրեց, որ գիտաժողովի երկրորդ օրը գիտնականները ծրագիր կմշակեն, որի մեջ կընդգրկվեն ուռուցքաբաության ոլորտի առավել արդիական խնդիրները:
Հայաստանի արյունաբանական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Սմբատ Դագբաշյանն իր հերթին ողջունել է գիտաժողովի անցկացումը, քանի որ ուռուցքային հիվանդությունները բավական տարածված են ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում:
Դագբաշյանն ընդգծեց, որ Հայաստանում նման հիվանդություններով տառապող հիվանդներին ցուցաբերած բժշկական օգնության մակարդակը բավական բարձր է, և բուժման արդյունավետությունը գրեթե չի զիջում արտասահմանյան հիվանդանոցներին:
Գիտնականն ավելացրեց, որ Հայաստանում ուռուցքային հիվանդությունների մակարդակը գրեթե համաչափ է աշխարհի այլ երկրների ցուցանիշներին:
Ուռուցքաբանական կենտրոնում դիսպանսեր բուժում է ստանում շուրջ 31 հազար հիվանդ, որոնցից ավելի քան 15 հազարը բուժվել են և կարող են ապրել հինգ և ավել տարի: -0