ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 30-ին Հայաստանը կանցնի ձմեռային ժամանակի, հաղորդում է հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը: «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքի համաձայն, հոկտեմբերի վերջին կիրակի օրը՝ գիշերվա ժամը 3-ին պետք է ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ տանել:
Սլաքների սեզոնային տեղափոխումը կատարվում է աշխարհի 192 պետությունից 110-ում: Ժամացույցների սլաքների տեղափոխման ռեժիմը կիրառվում է Կանադայից մինչև Ավստրալիա ընկած բոլոր տարածքներում և Եվրոպայի բոլոր պետություններում:
«Ամառային» և «ձմեռային» ժամանակին անցնելու կողմնակիցները համոզված են, որ այն ունի տնտեսական հիմնավորում, նրանց հիմնական փաստարկը էլեկտրաէներգիայի և էլեկտրակիրների տնտեսումն է:
Ժամանակի տեղափոխման հակառակորդները կարծում են, որ գործող համակարգը «արթուն վիճակ-քնած վիճակ» կենսական կարևորություն ունեցող և գենետիկ ռիթմի խանգարման է հանգեցնում:
Դեռ տարեսկզբին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստանն ամառային և ձմեռային ժամերին անցումը չեղյալ համարելու մասին օրինագիծ է մշակում: Հավաքագրված դիտողությունների և առաջարկությունների վերջնական ամփոփումից հետո այն կներկայացվի ՀՀ կառավարություն: Օրենքի նոր նախագծի ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկը համապատասխանեցնել ՀՀ աշխարհագրական տարածքի ժամային գոտուն (միջազգային ժամանակի համակարգի երրորդ գոտուն):
Մինչ այդ կգործի 1997 թվականի դեկտեմբերի 5-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքը: Դա նշանակում է, որ մարտին Հայաստանը կանցնի ամառային ժամի:
Այս տարվա աշնանից Ռուսաստանը հրաժարվել է ձմեռային ժամանակին անցնելուց: Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը ռուսաստանցիները վերջին անգամ ժամացույցի սլաքները տեղափոխել են մեկ ժամ առաջ, դրանից հետո ժամանակը մնացել է նույնը ողջ տարվա ընթացքում՝ և ձմռանը, և ամռանը:
Բժիշկների կարծիքով՝ ձմեռային ժամանակից հրաժարվելը ոչ մի կերպ չի անդրադառնա քաղաքացիների ինքնազգացողության վրա:-0-