Հայաստանում մարդահամարի անցկացման համար հատուկ պատրաստված մասնագետները՝ հաշվարարները, զինված կլինեն սև թղթապանակներով, որի վրա տարբերանշան կլինի, և իրենց մոտ հատուկ վկայական կունենան, ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը:
ՀՀ պատմության մեջ երկրորդ մարդահամարը կանցկացվի հոկտեմբերի 12-21-ը: Հանրապետությունում առաջին անգամ մարդահամարն անցկացվել է 2001թ.-ին:
«Յուրաքանչյուր հաշվարար այցելելով բնակարան՝ առաջին հերթին պետք է ներկայացնի իր անձը հաստատող վկայականը: Նա նաև պետք է իր մոտ տարբերանշով հատուկ թղթապանակ ունենա»,- ուրբաթ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Մնացականյանը:
Մնացականյանը նաև ընդգծեց, որ մարդահամարը պահպանելու է մարդահամար անցած քաղաքացիների գաղտնիությունը, իսկ ստացված տվյալները կօգտագործվեն միայն վիճակագրական նպատակներով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության և մարդահամարի բաժնի պետ Կարինե Կույումջյանն իր հերթին նշեց, որ հոկտեմբերի 8-10-ն ընկած ժամանակահատվածում հաշվարարները նախապես այցելելու են իրենց հասցատերերին, որպեսզի տեղեկացնեն բնակիչներին մարդահամարի մասին և պարզեն հոկտեմբերի 12-21-ն ընկած ժամանակահատվածում նրանց տանը լինելու ժամերը:
Նա տեղեկացրեց, որ մարդահամարի հարցաթերթիկը բաղկացած կլինի 33 հարցից (տարիքին, սեռին, քաղաքացիությանը, ընտանեկան դրությանը, հավատքին, հաշմանդամության առկայությանը, ինչպես նաև կոմունալ պայմաններին վերաբերող):
Կույումջյանը նշեց, որ մարդահամարի տվյալների մշակման և ամփոփման ողջ գործընթացը մոտավորապես մեկ տարի կտևի:
Ըստ նրա, նախատեսվում է, որ մարդահամարի նախնական տվյալները կհրապարակվեն սեպտեմբերի վերջին կամ 2012թ.-ի հոկտեմբերի սկզբին: -0-