Լոս Անջելեսում շարունակվում են լեգենդար երգիչ, փոփի արքա Մայքլ Ջեքսոնի մահվան գործով լսումները. ցուցմունքներով հանդես է եկել անվտանգության աշխատակից Ֆահիմ Մուհամադը (Faheem Muhammad), ով երգչի բժիշկ Քոնրադ Մյուրեյի կողմից Ջեքսոնի նկատմամբ վերակենդանացման միջոցառումների վկա է եղել, հինգշաբթի հայտնում է Ասոշիեյթեդ Պրես գործակալությունը:
Հանդես գալով դատարանի առջև` Մուհամադը հայտնել է, որ առաջիններից մեկն է եղել, ով մտել է Մայքլ Ջեքսոնի սենյակ: Մուհամադի խոսքով, հուզված և քրտինքի մեջ կորած Քոնրադ Մյուրեյը կռացել էր գետնին պառկած երգչի վրա: Բժիշկը հարցնում էր, գիտի՞, արդյոք, որևէ մեկը սրտաթոքային վերակենդանացման տեխնիկան:
Մայքլ Ջեքսոնի բժիշկի գործով դատավարությունը մեկնարկել է ԱՄՆ-ում նախօրեին` «փոփ երաժշտության արքայի» մահվանից գրեթե երկու տարի անց: Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին` կյանքի 51-րդ տարում: Քննության վարկածով, Մյուրեյը երգչին ուժեղ քնաբեր միջոցի` պրոպոֆոլի չափազանց մեծ չափաբաժին է տվել, որն այլ դեղամիջոցների, այդ թվում` հանգստացնող դեղորայքի հետ փոխազդեցության արդյունքում երգչի մահվան պատճառ է դարձել: Բժիշկի փաստաբանն իր հերթին պնդում է, որ երգիչն ինքն է իրեն դեղամիջոցը ներարկել, մինչ Մյուրեյը մյուս սենյակում է գտնվել:
Մյուրեյը հայտարարել է, որ իրեն ոչ դիտավորությամբ մահ պատճառելու մեջ մեղավոր չի ճանաչում: Եթե դատարանը, այնուամենայնիվ, բժիշկին մեղավոր ճանաչի, ապա նա կարող է բանտ նստել չորս տարի ժամկետով և զրկվել բժշկական գործունեության արտոնագրից: -0-