Ավանդական հայկական խոհանոցի ճաշատեսակները հաճախ յուրացվում են հարևան երկրների կողմից, և Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի կանխի այդ երևույթը, հայտնեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը:
«Մեր խոհանոցը հազարամյա պատմություն ունի: Մեր հարևանները գիտեն, որ կովկասյան խոհանոցի շատ ճաշատեսակներ հայկական ծագում ունեն, և այդ պատճառով ձգտում են յուրացնել այդ ուտեստները և պատենտավորել որպես իրենց ազգային ուտեստ»,- ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում նշեց Մամուլյանը:
Վերջերս «Սակպատենտ» Վրաստանի ինտելեկտուալ կարողության ազգային կենտրոնը շուրջ 40 անուն ազգային ուտեստ պատենտավորել: Ցուցակում հայտնվել են այն ճաշատեսակները, որոնք ավանդական են ոչ միայն վրացական, այլ նաև ողջ կովկասյան խոհանոցի համար՝ չուրչխելա (խաղողի հյութի մեջ թաթախած ընկույզների թելին շարած քաղցրավենիք), չաչա (խաղողի օղի), մածուն (կաթնամթերք), չեչիլ պանիր:
Սակայն, ըստ Մամուլյանի, Հայաստանում գրեթե ոչինչ չի արվում, որպեսզի պահպանվի և տարածվի ազգային խոհանոցի ավանդույթները:
«Ես տարբեր ժողովուրդների խոհանոցի սահմանազատման կողմնակից չեմ, առավելևս որ մեր ճաշատեսակներից մի քանիսը շատ նման են մեր հարևանների ազգային ճաշատեսակներին, բայց անհրաժեշտ է, որ ողջ աշխարհն իմանա ներկայացված ճաշատեսակի ծագման մասին»,- ասաց Մամուլյանը:
Նա նշեց, որ Հայաստանը նույնպես պետք է պատենտավորի ազգային ճաշատեսակները և խմիչքները:
«Ցավոք, մեր երկրում ոչ մի պետական մարմին չկա, որը կարող էր զբաղվել նման հարցերով»,- նշեց նա:
Մամուլյանը նաև մեկնաբանեց հետագայում տարբեր ճաշատեսակների «վրացականացման» հնարավորությունը, ինչպես օրինակ՝ զուտ հայկական մթերքինը՝ մածնինը:
«Դա տեղի է ունենում, որովհետև մենք սովոր ենք փոխել մթերքների և ճաշատեսակների ավանդական անվանումները, որպեսզի արտասահմանցի հյուրերին հասկանալի դառնա, ինչի մասին է խոսքը, այն ժամանակ, երբ վրացիները իրենց արտադրանքի բառացի թարգմանությունն են պահանջում՝ անկախ այն երկրից, թե որտեղ է այն վաճառվում»,- պարզաբանեց Մամուլյանը:
Ըստ նրա, Հայաստանում պետք է հատուկ կազմակերպություններ ստեղծել, որոնք հսկողություն կիրականացնեն և կպաշտպանեն հայկական խոհանոցը մյուս ժողովուրդների կողմից յուրացնելու փորձերից:
«Խոհանոցը հակամարտության կամ թշնամության սադրանքների առիթ չէ, հակառակը, մենք պետք է մեր հարևանների հետ ներկայացնենք կովկասյան խոհանոցի բազմազանությունը՝ միաժամանակ մշտապես հստակ տեղեկություն տալով այս կամ այն ճաշատեսակի պատրաստման մեթոդների, ծագման մասին»,- ավելացրեց Մամուլյանը: -0-