ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Խորովածի ավելի քան 20 տեսակ է ներկայացվել կիրակի օրն Ախթալայում անցկացված Խորովածի երրորդ ավանդական փառատոնի ընթացքում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:
Փառատոնն անցկացվում է արդեն երրորդ անգամ, միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի էկոնոմիկայի, սփյուռքի նախարարությունները, «Հայկական խոհարարական ավանդույթների պահպանումը և զարգացումը» հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև Լոռու մարզպետարանը:
«Մենք այսքան հյուրեր չէինք սպասում: Շատ հաճելի է, որ փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճում է, և հույս ունենք, որ հետագայում այդ ավանդույթը կշարունակվի, ու բացի Հայաստանի բնակիչներից մեզ կմիանան օտարերկրացի զբոսաշրջիկներ և սփյուռքահայեր»,- ասաց «Հայկական խոհարարական ավանդույթների պահպանումը և զարգացումը» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Միջոցառմանը բազմաթիվ հյուրեր են հավաքվել ողջ Հայաստանից, հատուկ Երևանի բնակիչների համար Հանրապետության հրապարակից կազմակերպվել է բոլոր ցանկացողների տեղափոխումն Ախթալա և հետ:
Խորովածի պատրաստմանը մասնակցել են ինչպես պրոֆեսիոնալ խոհարարներ, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև սպորտի և արվեստի գործիչներ:
Փառատոնի ժամանակ հանգանակված բոլոր միջոցները կփոխանցվեն Ախթալայի դպրոցներին և մանկապարտեզներին:
Ինչպես նշեց գյուղատնտեսության նախարար Սերգո Երիցյանը, հավաքված գումարը խորհրդանշական է, բայց ինքը փառատոնը կարևոր նշանակություն ունի մարզի համար:
«Փառատոնը խոշոր գումար չի հավաքում, բայց այդ միջոցառման շնորհիվ, կյանքը մարզում և քաղաքում ակտիվանում է, հետաքրքրություն է առաջանում մեր ժողովրդի մշակույթի և ավանդույթների նկատմամբ, ինչը Հայաստանի ծայրամասերում զբոսաշրջիկների և կյանքի զարգացման նոր հեռանկարներ է բացում»,- նշեց Կարապետյանը:
Փառատոնին պատվավոր հյուրեր էին մասնակցում, որոնց թվում էին նաև հայկական սպորտի լեգենդներ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, ծանրամարտի աշխարհի և օլիմպիական չեմպիոն Յուրի Սարգսյանը, ինչպես նաև թեթև քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը, ով բացեց փառատոնի այս տարվա խորհրդանիշը Արմեն Ջիգարխանյանի բրոնզե արձանը:
Փառատոնն անցկացվեց «Երբ գալիս է սեպտեմբերը» կարգախոսով՝ ըստ խորհրդային հայտնի համանուն ֆիլմի, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել թատրոնի և կինոյի տաղանդավոր դերասան Արմեն Ջիգարխանյանը:
Սպասվում էր, որ փառատոնը հենց նա էլ կբացի, սակայն ինչ-ինչ պատճառներով դերասանը չէր կարողացել գալ, և այդ պատվին էր արժանացել բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը:
«Ես շատ ուրախ եմ, որ նման փառատոն է անցկացվում Հայաստանում, հատկապես այս շրջանում, դա թույլ կտա օտարերկրացիներին ծանոթանալ մեր մշակույթին ու ավանդույթներին»,- ասաց Դարչինյանը:
Լրագրողներին այն հարցին, թե խորոված սիրո՞ւմ է, բռնցքամարտիկը պատասխանեց, որ շատ է սիրում:
Ժյուրիի որոշմամբ՝ գլխավոր անվանակարգում, ինչպես և առաջին անգամ, հաղթող ճանաչվեց «Արվասար» ռեստորանի խոհարարների պատրաստած խորովածը:--0-