Երեքշաբթի Երևանում տեղի ունեցավ Հայաստանում Խաղաղության կորպուսի կամավորների 19-րդ խմբի երդման արարողությունը: 40 նոր կամավորների երդումն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն:
«Ընդհանուր առմամբ հայկական կառավարության հրավերով շուրջ 700 կամավորներ արդեն աշխատել են Հայաստանում՝ մեծ ներդրում կատարելով հայ-ամերիկյան հարաբերությունների գործում»,- ասաց Դոնահյուն՝ ավելացնելով, որ Հայաստանում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների թվում նույնպես նախկին կամավորներ կան:
Ըստ նրա, կամավորների 19-րդ խմբում հավաքվել են տարբեր տարիքի և մասնագիտության մարդիկ՝ 24 ամերիկյան նահանգներից: «Դուք ինչ-որ իմաստով մեր լավագույն դեսպաններն եք համարվում: Այսօր մեր և ձեր նպատակն է հանուն խաղաղության ժողովուրդների միջև փոխըմբռնման խթանումը»,- ընդգծեց նա:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև Խաղաղության Կորպուսի 50-ամյակի տոնակատարությունը:
Նախքան ՀՀ մարզերում աշխատանքի անցնելը, կամավորները մասնագիտական պատրաստվածության 11-ամսյա դասընթաց են անցել, որի ընթացքում մասնավորապես ուսումնասիրել են հայոց լեզուն և մշակույթը:
ԱՄՆ Խաղաղության Կորպուսը ստեղծվել է 1961 թ–ին՝ աշխարհում խաղաղություն ամրապնդելու նպատակով։ ԱՄՆ–ի քաղաքացիները անկախ տարիքից և էթնիկական խմբից, ընտրվում են իրենց փորձի և կրթության հիման վրա՝ 2 տարի որպես Խաղաղության կորպուսի կամավոր ծառայելու նպատակով։ Խաղաղության կորպուսը գործում է աշխարհի 77 երկրներում։
ԱՄՆ–ի կառավարությունը Հայաստանի կառավարության հետ միատեղ 1992 թ–ին համաձայնություն է կնքել՝ ստեղծել Խաղաղության կորպուս Հայաստանում։ Սկսած այդ ժամանակից 700 ամերիկյան ԽԿ–ի կամավոր ծառայել են Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում։ Ներկայումս 99 կամավոր աշխատում է հայ գործըկերների և կազմակերպությունների հետ՝ բարելավելու անգլերենի ուսուցումը և համայնքի և բիզնեսի զարգացումը։ --0-