ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ընդդիմադիր «Ժառանգություն», Դաշնակցություն կուսակցությունների և Հայ ազգային կոնգրեսի ուսանող անդամներն այս տարի հրաժարվել են «Բազե» Համահայկական երիտասարդական փառատոնի մասնակցությունից, ուրբաթ լրագրողներին հայտնեց փառատոնի ղեկավար Սամվել Մերթարջյանը։
ՀԱԿ-ը 2008 թվականին ձևավորված արմատական ընդդիմադիր ուժ է, իսկ «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն Հայաստանի ներկայիս խորհրդարանի կազմում են։
«Դաշնակցության անդամներն իրենց հրաժարվելը բացատրում են «Բազե» փառատոնի մասնակցության պատշաճ պատրաստվածության համար ժամանակ չունենալով»,- պարզաբանեց նա։
Մերթարջյանի խոսքով՝ փառատոնի մասնակցության հրավերն ընդունել են կոալիցիոն երեք կուսակցությունների՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստանի», «Օրինաց երկրի», ինչպես նաև «ՄԻԱԿ» կուսակցության երիտասարդական թևերի ներկայացուցիչները։
Նա նշեց նաև, որ փառատոնի մասնակիցների թվում են Հայաստանի պետական և ոչ պետական բուհերի ուսանողներ, տարբեր քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Գևորգյան Հոգևոր ճեմարանի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սաներ, հաշմանդամություն ունեցող անձինք։
Փառատոնի շրջանակներում ծրագրված են երիտասարդության հանդիպումներ Հայաստանի պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ։
Փառատոնը կիրականացվի երկու փուլով՝ «Բազե» ճամբար, որը տեղի կունենա հուլիսի 22-31-ը Բյուրականում, և «Բազե» համահայկական երիտասարդական հավաք, որը կանցկացվի օգոստոսի 20-24-ը Ծաղկաձորում։
«Բազե» ճամբարին 18-30 տարեկան ավելի քան 700 մասնակիցներ՝ Հայաստանի 10 մարզերից և Երևանի 12 վարչական կենտրոններից, ապրում էին վրաններում, մասնակցում էին մարզամշակութային միջոցառումների և արշավների։
«Բազեի» երկրորդ փուլին կմասնակցի ավելի քան 350 ներկայացուցիչ Հայաստանից, Արցախից, Ջավախքից (հայաբնակ վրացական շրջան) և սփյուռքից։
Ավանդաբար «Բազեի» հավաքների մասնակիցներին բաժանում են երեք մասի՝ «Կարմիր», «Կապույտ» և «Ծիրանագույն», որոնք խորհրդանշում են հայկական եռագույնը։ Նրանք մրցում են միմյանց հետ տարբեր մարզաձևերում, արվեստի, ինչպես նաև ինտելեկտուալ խաղերի բնագավառում։
«Բազե» համահայկական երիտասարդական փառատոնը կավարտվի Հանրապետության հրապարակում կայանալիք բացօթյա գալա համերգով՝ երկու փուլերի բոլոր մասնակիցների հետ։ Համերգին կհնչեն Առնո Բաբաջանյանի երգերը Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ուղեկցությամբ՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ։
«Բազե» փառատոնն անցկացվում է Հայաստանում 2002 թվականից։ -0-