ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երգիչ Ստաս Միխայլովը գլխավորել է ռուս ճանաճված դեմքերի վարկանիշը Forbes ամսագրում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Միխայլովը հայտվել է վարկանիշում առաջին անգամ։ Նախորդ վեց տարիներին ցուցակը գլխավորել է թենիսիտուհի Մարիա Շարապովան, ով այժմ երկրորդ տեղում է։ Երրորդ հորիզոնականում է երգչուհի Ալլա Պուգաչովան։
Բացի Միխայլովից, վարկանիշի նորեկներից են Ելենա Վաենգան, բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան, դերասան Մաքսիմ Ավերինը և «ԴԴՏ» խմբի մեներգիչ Յուրի Շևչուկը։
Վարկանիշի հորիզոնականն ամսագրի մասնագետները հաշվարկել են երեք գործոնների՝ տարեկան եկամտի (2010 թվականի հուլիսի 1-ից 2011 թվականի հունիսի 30), ԶԼՄ-ներում հիշատակումների թվի և «Յանդեքս» որոնողական համակարգում կատարված հարցումների թվի հիման վրա։
Այսպես, 42-ամյա Ստաս Միխայլովը նախորդ տարի մոտ 20 միլիոն դոլար է վաստակել, նրա անունը տպագիր մամուլում հիշատակվել է 77 անգամ, իսկ «Յանդեքսում» հարցվել է 14,4 մլն անգամ։
Պարբերականի տեղեկությամբ, վարկանիշը կազմելու ընթացքում ճանաչված դեմքերի տարեկան եկամտի հանրագումարը գրեթե կրկնապատկվել է և կազմել 208 միլիոն դոլար՝ 2005 թվականի 116 միլիոնի դիմաց։ -0-