ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ուկրաինա է բերվել 27 տարի առաջ գողացված Աստվածածնի սրբապատկերը (XVI դարի կեսեր), որը դեռևս 1,5 տարի առաջ գտել էին Շվեյցարիայում, հաղորդում է analitika.at.ua կայքը:
Սրբապատկերը գողացվել է Լվովի հայկական տաճարից 1984 թ.-ին:
Կոլեկցիոներներից մեկից այս սրբապատկերի գնմանն ու տեղափոխմանն աջակցել է մեկենաս և կոլեկցիոներ Իգոր Վոզնյակովը:
Նա նշել է, որ սրբապատկերը գնահատվում է շուրջ 350 հազար եվրո: Վոզնյակովը հրաժարվել է հրապարակել այն գինը, որը վճարել է սրբապատկերի համար՝ նշելով, որ «սուրբ իրերը չի կարելի չափել փողերով»:
Այն հարցին, թե ինչու՞ է որոշել սրբապատկերը վերադարձնել Լվով՝ մեկենասը պատասխանել է, որ ամեն սուրբ իր ունի իր տեղը: Բացի այդ, նա նշել է, որ «սրբապատկեր գողացողները վատ վերջաբան են ունեցել»:
Լվովում գտնվող Ա. Շեպտիցկու անվան ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Իգոր Կոժանը նշել է, որ սրբապատկերը գողացվել է Արմյանսկայա փողոցի վրա գտնվող Հայկական տաճարից: «Այդ դեպքից հետո տաճարը սկսել են հսկել, ավելի ուշ այն ազատել են պատկերանկարներից և փոխանցել են հայկական համայնքին», - նշել է նա:
Պետական սահմանով մշակութային արժեքների տեղափոխման վերահսկման պետական ծառայության նախագահ Յուրի Սավչուկը նշել է, որ այդ գողության ժամանակ չարագործները գողացել էին 22 սրբապատկեր, որոնցից 9-ը հաջողվել էր արագ գտնել և վերադարձնել, իսկ 13 սրբապատկերի ճակատագիրն անհայտ է մնացել, որոնցից մեկը Աստվածածնի սրբապատկերն էր: Ինչպես հայտնի է, ևս երկու ստեղծագործություն գտնվում է մոսկվաբնակ մեկենասների մոտ:-0-