Սերժ Սարգսյանի եղբորորդու արտահանձնման հարցը կքննի Պրահայի շրջանային դատարանը

11.12.2018, 15:13
Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցը կքննի Պրահայի շրջանային դատարանը։
Սերժ Սարգսյանի եղբորորդու արտահանձնման հարցը կքննի Պրահայի շրջանային դատարանը
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցը կքննի Պրահայի շրջանային դատարանը։

«Այժմ նա նախնական կալանքի տակ է», – «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պրահայի ոստիկանության խոսնակ Յան Դանիեկը։

Հիշեցնենք, որ 37–ամյա Սարգսյանը ձերբակալվել է նախորդ շաբաթ Պրահայում։ Վերջինս չեխ ոստիկաններին է ներկայացրել Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր` Ֆրանկլին Գոնսալեսի անձնական տվյալներով։

«Չեխական օրենսդրությունն արգելում է ինձ մանրամասներ հաղորդել կոնկրետ անձանց մասին։ Այդուամենայնիվ, կարող եմ հաստատել, որ դեկտեմբերի 6–ին Պրահա 5 թաղամասում գտնվող բնակարաններից մեկում Պրահայի տարաքային ոստիկանության քրեական հետախուզման բաժնի աշխատակիցները Հայաստանից եկած 37–ամյա մի տղամարդու են ձերբակալել, որը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ»,– ասել է Դանիեկը։

Загружается новость ... "Право"

Հայաստանի ոստիկանությունը Նարեկ Սարգսյանին մեղադրանք է ներկայացրել ամռանը, երբ վերջինիս` Երևանում գտնվող բնակարանում ապօրինի պահվող զենք և թմրանյութեր էր հայտնաբերվել։ Չեխական աղբյուրներն էլ մանրամասնում են` ձերբակալությունն իրականացվել է հատուկ գործողության միջոցով։

«Հետախուզման մեջ գտնվող այդ տղամարդը ձերբակալվել է ոստիկանության հատուկ ջոկատայինների մասնակցությամբ, քանի որ կասկածներ կային, որ նա կարող է զինված լինել։ Հետագայում նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, և այժմ նրա ճակատագիրը Պրահայի շրջանային դատարանի ձեռքում է»,– ավելացրել է ոստիկանության խոսնակը։

Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն, այլ երկրի պահանջով ձերբակալված անձը նախնական կալանքի տակ կարող է մնալ առավելագույնը 40 օր, և եթե մինչ այդ հայցվոր կողմն արտահանձնման դիմում չներկայացնի, ապա տեղական իշխանությունները կարող են մեղադրյալին ազատ արձակել։

«Այս պահի դրությամբ, հայկական կողմը դեռ միջնորդություն չի ներկայացրել»,– «Ազատությանը» հայտնել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, միաժամանակ ավելացնելով, որ այն չի ուշանա։ -0-