ՊԵԿ-ը պարզաբանել է «Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայի քաղաքացու մահվան դեպքը

13.08.2024, 14:24
Պետեկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ
ՊԵԿ-ը պարզաբանել է «Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայի քաղաքացու մահվան դեպքը

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Պետեկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել օրերս «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ օրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում ողբերգական դեպք էր տեղի ունեցել, ինչի հետևանքով Բրազիլիայից Հայաստան ժամանած 30-ամյա ուղևորը մահացել էր։

«Հրապարակ» օրաթերթի հաղորդմամբ, ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները օտարերկրացու մոտ շիշ են նկատել, ապա ստիպել վերջինիս խմել այն, որը խմելուց հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նա րոպեներ անց մահացել է։

Ինչպես ՆԳՆ-ից «Նովոստի Արմենիային» հայտնել էին, բրազիլացին սիրտ-անոթային անբավարարվածությամբ տեղափոխել էր հիվանդանոց։

Ավելի ուշ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը մեզ հետ զրույցում հաղորդեց, որ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն՝ տվյալ անձի մոտ հայտնաբերված տարայի մեջ առկա հեղուկի բնույթը պարզելու նպատակով։

ՊԵԿ-ից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին, որ տեղեկությունը, թե ՊԵԿ աշխատակիցները ստիպել են քաղաքացուն խմել հեղուկը, չի համապատասխանում իրականությանը։

««Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայից Հայաստան ժամանած ուղևորի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը, թե իբր ՊԵԿ աշխատակիցները ստիպել են խմել քաղաքացու ձեռքին եղած շշի պարունակությունը չի համապատասխանում իրականությանը: Գործի քննությունը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեում, դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ ՊԵԿ-ն իրավասու չէ տրամադրել»,- նշել են կոմիտեից։