ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Առաջին ալիքի եթերում «Ժամանակը ցույց կտա» («Время покажет») թոք-շոուի շրջանակում անդրադարձ է կատարվել Մոսկվայում օրերս ծավալված «ծիրանի պատերազմին»:
Օրեր առաջ տեղեկություն հայտնվեց, որ մոսկովյան «Ֆուդ սիթի» շուկան, որը պատկանում է Ադրբեջանում ծնված ձեռներեցներ Գոդ Նիսանովին և Զարախ Իլիևին, փողոց է հանել տոննաներով հայկական ծիրան, ինչի պատճառով այն կարող է փչանալ: Շուտով Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում հայկական ծիրանի համար վաճառքի նոր, այդ թվում ՝ անվճար վաճառքի կետեր են տրամադրվել: Համացանցում անգամ ֆլեշմոբ սկսվեց, որի շնորհիվ հնարավորություն ստեղծվեց Հայաստանից մեծ քանակությամբ մրգի իրացմանը: Իսկ կիրակի օրը հայտնի դարձավ, որ «Ֆուդ սիթի» շուկայում սկսել են ընդունել Հայաստանից մրգով բեռնված բեռնատարները:
Հաղորդավար Արտյոմ Շեյնինը նշել է, որ նրանք այս թեմային անդրադարձել են, քանի որ համարում են, որ ՌԴ մայրաքաղաքում առևտրի ոլորտը ոչ մի կերպ՝ ոչ էմոցիոնալ, ոչ սոցիալական, ոչ տնտեսական, ոչ քաղաքական առումով չպետք է դառնա հակամարտության շուրջ ցանկացած արձագանքների թատերաբեմ: Հնչեցվել է կարծիք, որ այս դեպքը ղարաբաղյան չլուծված հակամարտությունը Ռուսաստանի տարածքում հուզական փոխանցման փորձ է:
AZRU միասնական տեղեկատվական պորտալի գլխավոր խմբագիր Ռոման Ագաևը հայտնել է, որ քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել, նման դեպքերը լինելու են: Նրա խոսքով, «Ֆուդ սիթի» սեփականատիրոջ ցուցաբերած վերաբերմունքը «ազգային դիրքորոշման» արտահայտությունն է:
Իր հերթին, «Ռեալիստ» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու Սարգիս Ծատուրյանը կատարվածը կոչել է «իսկական պրովոկացիա, քանի որ նման քայլի դիմած մարդիկ ոտնատակ են արել ՌԴ օրենքները և ԵԱՏՄ դրույթները, ինչը փաստացիորեն քրեական հանցագործություն է»:
«Սա կատարվել է ոչ միայն Մոսկվայում, այլ նաև Սանկտ Պետերբուրգում և մի քանի այլ քաղաքներում: Այսինքն, սա Բաքվի հետ համաձայնեցված ակցիա էր, որը մեծ հաշվով վնաս է հասցնում Ռուսաստանի միջազգային իմիջին: Այդ պատճառով մեզ համար սկզբունքայնորեն կարևոր է, որ ՌԴ տարածքում՝ Մոսկվայում, գործեն ռուսական կանոններ»,- հայտնել է նա:
Ադրբեջանի ներկայացուցիչ, քաղաքագետ Սամիր Մամեդովը փորձել է իր դիրքորոշումն արտահայտել այն մասին, որ կատարվածն ազատ առևտրային հարաբերություններ են և համապատասխանաբար յուրաքանչյուր կողմ ազատ է որոշելու իր պայմանադիր կողմին: Սակայն տվյալ դիրքորոշումը մերժվում է դահլիճում գտնվողների կողմից՝ որպես վտանգավոր դիրքորոշում, որը կարող է հանգեցնել արգելքի նմանատիպ դեպքերի՝ ազգային պատկանելիության հիմքով:
Եթերին նույնպես միացել է ռազմական թղթակից, «WARGONZO» նախագծի տնօրեն Սեմեն Պեգովը, ով գտնվում էր Տավուշում, որը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին: Նա հայտնել է, որ իրենց հաջողվել է այցելել Այգեպար գյուղ, որը ամենաշատն է տուժել Ադրբեջանի հարվածներից: Նա այցելել է տեղացի բնակիչների հետ շփվելու նպատակով: Պեգովը հաստատել է, որ կործանումներ իրականում կան, հարվածի տակ են հայտնվել մանկապարտեզները, բնակելի տները:
«Ես ուրախությամբ կպարզեի ադրբեջանական կողմի արձագանքը, եթե նրանց մոտ Լեռնային Ղարաբաղ այցելած լրագրողների աշխատանքի վրա տաբու դրված չլիներ: Այսինքն ես անցած տարի աշխատեցի Լեռնային Ղարաբաղում և հիմա ես ոչ մի հնարավորություն չունեմ լինել Ադրբեջանում»,- հայտնել է Պեգովը:
Դահլիճում բուռն քննարկվել է Ադրբեջանում լրագրողների գործունեության թույլտվությունը և երկու կողմերի լուսաբանմամբ օբյեկտիվ ռեպորտաժ նկարահանելու հնարավորության բացակայությունը, ինչից հետո Ռոման Ագաևը մեղադրել է ներկաներին սադրանքի և օբյեկտիվության պակասի մեջ:
«Այսինքն, մեր սադրանքն այն է, որ մենք ներկայացրել ենք լրագրողի կարծիքը, ում մյուս կողմը թույլ չի տալիս արտահայտել: Եվ սա ասում է մի մարդ, ով այսօր դաշնային հեռուստաալիքի ուղիղ եթերին ներկայացել է «Վերջ հայկական ագրեսիային» գրառմամբ շապիկով»,- պատասխանել է հաղորդավար Շեյնինը Ագաևի հայտարարությանը:
Տվյալ արտահայտությունը նույնպես բուռն արձագանք և վեճեր է առաջացրել, ինչն ավարտվել է Շեյնինի արտահայտությամբ այն մասին, որ Ագաևը այդ խոսակցության համար որակավորում չունեցող փորձագետ է:
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին
Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:
Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:
Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:
Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ: ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր: Հուլիսի 17-ից հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է:
ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, մեկի դրությունը գնահատվում է ծայրահեղ ծանր: Հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում