ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի Մարսել քաղաքի հրապարակներից մեկը կկոչվի Սողոմոն Թեհլերյանի անունով, ով 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում գնդակահարել է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ Փաշային, գրում է
armenianweekly.com–ը։
Հրապարակի պաշտոնական բացումը տեղի կունենա ապրիլի 21-ին:
Ինչպես նշում է ինտերնետ պարբերականը, հանդիսավոր արարողությանը կմասնակցեն Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդինը, մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառման կազմակերպիչներն են` Մարսելի քաղաքապետարանը և Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:
1921թ.-ի մարտի 15-ին հայ ուսանող Սողոմոն Թեհլերյանը բեռլինյան Շարլոթենբուրգ շրջանի Հարդենբերգ շթրասեում գնդակահարեց 1915թ.-ի հայերի ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին` Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին: Հետագայում Թեհլերյանը նույն թվականի հունիսի 2-ին արդարացվեց բեռլինյան երդվյալ ատենակալների դատարանի կողմից: -0-