Մանրամասներ՝ օդանավակայանում բրազիլացու մահվան դեպքով

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Քիչ առաջ հայտնել էինք, որ օրերս «Զվարթնոց» օդանավակայանում ողբերգական դեպք է տեղի ունեցել. Բրազիլիայից Հայաստան ժամանած ուղևոր է մահացել։
ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում նշեց, որ օտարերկրյա քաղաքացու մահվան դեպքի առթիվ ստացվել է հաղորդում։
«Այդ կապակցությամբ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանություն) առաջին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են հանգամանքները», – նշեց Աբրահամյանը։
Աբրահամյանի խոսքով՝ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում տվյալ անձի մոտ հայտնաբերված տարայի մեջ առկա հեղուկի բնույթը պարզելու նպատակով։
«Ինչպես նաև նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառները և տվյալ հեղուկի հետ կապը, այսինքն՝ մահվան հանգամանքը տվյալ հեղուկն օգտագործել/չօգտագործելու հանգամանքը ևս պարզելու նպատակով։ Մնացած հանգամանքները պարզման ենթակա են։ Հնարավորություն տանք քննությանը պարզելու, և հանրությանը հետագայում կներկայացնենք նախաքննության արդյունքները»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ անհրաժեշտ փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։