Կարեն Կարապետյանն «արդարացել» է իր ամանորի արձակուրդի համար

17.01.2018, 21:37
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնաբանել է ամանորի իր երկարատև արձակուրդը կառավարության հարցուպատասխանի ընթացքում։
Կարեն Կարապետյանն «արդարացել» է իր ամանորի արձակուրդի համար
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնաբանել է ամանորի իր երկարատև արձակուրդը կառավարության հարցուպատասխանի ընթացքում։

Մինչև հունվարի 8–ը տևած տոնական հանգստյան օրերից հետո վարչապետը մինչև հունվարի 12–ը մեկնել է արտերկիր։ Այդ լուրը բուռն քննարկումներ է առաջացրել սոցցանցերի հայկական սեգմենտում, որտեղ օգտատերերը «հիշեցրել են» կառավարության ղեկավարին «Տոների և հիշարժան օրերի մասին» օրենքում կատարած փոփոխությունները, ըստ որոնց, ամանորի արձակուրդները պետք է կրճատվեն, և աշխատանքի պետք է անցնել հունվարի 3–ից։

Պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե չի հակասում վարչապետի երկարատև արձակուրդն այն հայտարարությանը, որ ամանորի արձակուրդները պետք է ավարտվեն հունվարի 2–ին, Կարապետյանն ընդգծեց, որ հավատարիմ է իր խոսքին։ Նա չի ասել, թե մարդիկ իրավունք չունեն արձակուրդ գնալու։

«Աշխատելով սեպտեմբերից (2016 թվականից` խմբ.)` ես արձակուրդի մեջ եմ եղել ութ օր` երեք օր ամռանը և հինգ օր հունվարին։ Գնալով արձակուրդ` ես չեմ հակասում իմ հայտարարությանը։ Դուրս կգամ հաջորդ տարվա հունվարի 3–ին աշխատանքի, թե ևս հինգ օր կվերցնեմ որպես արձակուրդ, իմ իրավունքն է։ Ես կատարում եմ օրենսդրական պահանջները»,– ասել է Կարապետյանը։ -0-