ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանին հետ զրույցում հայտնել է, թե ինչ միջոցառումներ կկիրառվեն դպրոցներում, եթե դասարանում վիրակակիր աշակերտ հայտնաբերվի:
«Եթե դպրոցում հայտնաբերվում է վարակված երեխա, ապա ըստ իրավիճակի պետք է հասկանանք` նախ իր համադասարանցիների շրջանում, ամենայն հավանականությամբ, ամբողջական թեստավորում կիրականացվի, և եթե դասարանում այդպես տարածում չկա, ապա դասերը չեն կասեցվի տվյալ դասարանում: Եթե մենք տեսնենք, որ տարածում կա այդ թեստավորման արդյունքում, ապա տվյալ դասարանում դասերը կդադարեցվեն»,- մանրամասնել է նախարարը։
Հարությունյանը նշել է, որ դեռ գարնանից կա հեռավար ուսուցման անցկացման կարգ, և ըստ այդ կարգի կիրականացնենք տվյալ դասարանի համար հեռավար ուսուցում:
Նախարարը նաև ընդգծել է, որ այս միջոցառումները կիրառվելու են թե՛ պետական, թե՛ մասնավոր դպրոցներում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարը հայտնել է, որ սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն դպրոցներում, իսկ սեպտեմբերի 1-ից՝ բուհերում:-0-