ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում անհրաժեշտ է Կիբերանվտանգության ազգային կենտրոն ստեղծել, չորեքշաբթի լրագրողներին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Ըստ նրա, 2016 թվականին Հայաստանում ակտիվացել են կիբերհանցավորության հետ կապված գործընթացները, ինչի հետևանքով 2017 թվականին հանրապետությունը կարող է լուրջ հարվածի տակ հայտնվել։ Մասնավորապես, ռիսկի գոտում կարող են հայտնվել պետական ենթակառուցվածքները և բանկային համակարգը։
«Խնդիրն այն է, որ մենք դրան պատրաստ չենք։ Մենք բախվում ենք այնպիսի խնդիրների, երբ հանրային նշանակության օբյեկտները, օրինակ, էլեկտրակայանները, գազա– և ջրամատակարարման ընկերություններն առավել խոցելի են դառնում և կարող են հայտնվել հաքերների հարվածների ներքո»,– ասաց փորձագետը։
Նշելով, որ երկրում այսօր չկա մի կառույց, որը կարող է զբաղվել այդ հարցերի լուծմամբ` Մարտիրոսյանն ընդգծեց, որ Հայաստանին անհրաժեշտ է Կիբերանվտանգության ազգային կետրոն ստեղծել, ավելացնելով, որ հարևան երկրներում այդպիսի կենտրոններ արդեն կան։
«Այդ կենտրոնները կոչված են դիմակայել գլոբալ ռիսկերի, ինչպես նաև պետք է իրազեկեն հասարակությանը (հնարավոր վտանգների մասին)»,– ասաց նա։
Այդ կապակցությամբ Մարտիրոսյանը հիշեցրեց, որ հանրապետության Ազգային ժողովում Կիբերանվտանգության հայեցակարգի մշակում է ընթանում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում