ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի Արմենիա/. Երկիրը չորեքշաբթի կհայտնվի տարեսկզբից ամենահզոր մագնիսական փոթորկի ազդեցության ներքո։
Ինչպես ավելի վաղ հայտնել են ԶԼՄ–ները, Արեգակի վրա հզոր բռնկում է սպասվում, որը կարող է հանգեցնել էլեկտրասարքերի, GPS համակարգերի աշխատանքի խափանմանը, ինչպես նաև մարդկանց առողջության հետ կապված խնդիրների։
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, մագնիսական փոթորիկներ Երկրի վրա տեղի են ունենում ժամանակ առ ժամանակ։
Загружается новость ...
"Право"
«Մագնիսական փոթորիկ է կոչվում Երկրի մագնիսային դաշտի տատանումներն Արեգակի վրա տեղի ունեցած բռնկումների հետևանքով։ Արեգակնային քամին տարածվում է տիեզերքում, հասնելով, այդ թվում, նաև Երկիր»,– ասաց Միքայելյանը։
Նա ավելացրեց, որ մագնիսական դաշտի տատանումներն ազդում են ինչպես մարդկանց առողջության, այնպես էլ տեխնիկայի և կապի միջոցների վրա։
«Հաճախ Երկրի մագնիսական դաշտի տատանումները փոթորիկներ չեն համարվում, եթե գտնվում են նորմի սահմաններում։ Արեգակի վրա բռնկումների ժամանակ այդ տատանումները կարող են մեծ ամպլիտուդներ ունենալ։ Այդպիսի փոթորիկները հիմնականում կարող են վտանգավոր լինել հեռահաղորդակցության համակարգերի, մասնավորապես, արբանյակների խափանումների տեսանկյունից»,– ընդգծեց Միքայելյանը։
Փորձագետի խոսքով, ավելի հզոր մագնիսական փոթորիկները կարող են շարքից հանել էլեկտրակայաններ։
«Նրանք կարող են ազդել նաև մարդկանց ինքնազգացողության վրա, այնուամենայնիվ, այդ ոլորտը բավարար ուսումնասիրված չէ»,– ասաց Միքայելյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանում մագնիսական փոթորիկներն այդքան էլ վտանգավոր չեն։ «Հյուսիսային և Հարավային բևեռներին ավելի մոտ մագնիսական փոթորիկների ուժն ավելի մեծ է»,– ավելացրեց Միքայելյանը։ -0-