ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Սամյուել Մուրատ» հայկական քոլեջի վրա հարձակում է կատարվել Սևր քաղաքում։ Այդ մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։
«Մենք լրջորեն անհանգստացած ենք Սամյուել Մուրատի հայկական քոլեջի նկատմամբ վանդալիզմի կրկնությամբ։ Այդ գործողությունները չպետք է անպատիժ մնան»,– գրել է նա Twitter–ի իր միկրոբլոգում։
Ավելի վաղ` հոկտեմբերի 20–ի լույս գիշերը, անհայտ անձինք հարձակվել են Ֆրանսիայում
Nouvelles d"Arménie հայկական պարբերականի խմբագրության վրա։ Վնասվել են ամսագրի նոր համարի մակետով համակարգիչները։
Սամյուել Մուրատի քոլեջը Հայաստանի սահմաններից դուրս հնագույն ուսումնական հաստատություններից մեկն է։ Այն հիմնել են մխիթարյան կաթոլիկներն Իտալիայում դեռևս 19 դարի սկզբում։ 1986 թվականին ուսումնական հաստատությունը Պադուայից տեղափոխվել է ֆրանսիական Սևր քաղաք։
Collège Arménien Samuel Moorat–ն իր ժամանակին ավարտել են Շառլ Ազնավուրը և ռեժիսոր Անրի Վեռնոյը։ Դասավանդումը քոլեջում երկու լեզուներով է` ֆրանսերեն և հայերեն։ -0-