ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Մայիսին Ստոկհոլմում անցկացվելիք «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները ներողություն են խնդրել փաստաթղթի հրապարակման համար, որտեղ թվարկվել են միջոցառմանն արգելված դրոշները:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ «Եվրատեսիլ 2016»-ին արգելել են Լեռնային Ղարաբաղի, Պաղեստինի, Կոսովոյի, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության, Բասկերի երկրի, Մերձդնեստրի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Իսլամական պետության դրոշները, ինչպես նաև ղրիմ-թաթարական դրոշը:
Հայաստանը «բարձր տեխնոլոգիական» շոու է պատրաստում Եվրատեսիլին>>
Ինչպես ասվում է Facebook սոցցանցում Եվրոպայի հեռարձակման միության էջում հրապարակված հաղորդման մեջ, մրցույթի կազմակերպիչները բացատրել են, որ հրապարակված փաստաթուղթն այս տարվա Եվրատեսիլի` դրոշների վերաբերյալ քաղաքականության նախնական տարբերակն էր:
«Փաստաթուղթն ընդգրկում էր այն դրոշների ցանկը, որոնք, դրոշների օգտագործման քաղաքականությանը համապատասխան, կարգելվեն դահլիճում: Այդ փաստաթուղթը հրապարակման համար նախատեսված չէր»,- նշվում է գրառման մեջ:
Կազմակերպիչները ներողություն են խնդրել բոլոր նրանցից, ովքեր իրենց վիրավորված են զգում այդ փաստաթղթի պատճառով: Դրոշների օգտագործման քաղաքականության մասին բացատրություն պարունակող ցուցակի վերջնական տարբերակը ծրագրվում է հրապարակել Եվրատեսիլի կայքում ավելի ուշ:
Այս տարի «Եվրատեսիլ 2016» մրցույթը անցնում է Շվեդիայի մայրաքաղաքում` «Միավորվենք» (Come together) կարգախոսով:
Իվետա Մուկուչյանը LoveWave երգով հանդես կգա մայիսի 10–ին նախատեսված առաջին կիսաեզրափակչում և եզրափակիչ դուրս գալու համար կպայքարի Խորվաթիայի, Ֆինլանդիայի, Մոլդովայի, Հունաստանի, Հունգարիայի, Ռուսաստանի, Նիդեռլանդների, Սան Մարինոյի, Ադրբեջանի, Կիպրոսի, Մալթայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Էստոնիայի, Չեխիայի, Մոնտենեգրոյի, Իսլանդիայի, Ավստրիայի ներկայացուցիչների հետ։
Մայիսի 12–ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենան Լատվիայի, Բելառուսի, Իռլանդիայի, Շվեյցարիայի, Մակեդոնիայի, Ավստրալիայի, Լիտվայի, Լեհաստանի, Իսրայելի, Սերբիայի, Ալբանիայի, Բուլղարիայի, Դանիայի, Վրաստանի, Ռումինիայի, Սլովենիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Բելգիայի ներկայացուցիչները։
«Եվրատեսիլ 2016»–ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14–ին։–0–