Եկեղեցի չմուշկներով և գիշերային հսկա լապտերներ․ Սուրբ Ծննդյան անսովոր ավանդույթները տարբեր երկրներում

06.01.2026, 13:35
Ներկայացնում ենք Հայաստանում և մի շարք այլ երկրներում ձևավորված Սուրբ ծննդյան ավանդույթները
Եկեղեցի չմուշկներով և գիշերային հսկա լապտերներ․ Սուրբ Ծննդյան անսովոր ավանդույթները տարբեր երկրներում

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ամանորը տարվա ամենասպասված տոներից է։ Տարվա ավարտը և նորի սկիզբը շատերի համար կապվում է տոնական տրամադրության հետ, սակայն քրիստոնյաների համար այս շրջանը լրացվում է Սուրբ Ծննդյան խորհրդով՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնով։ Տարբեր երկրներում այս օրերին ձևավորված ավանդույթները բազմազան են և երբեմն՝ բավականին անսովոր։

Ներկայացնում ենք Հայաստանում և մի շարք այլ երկրներում ձևավորված Սուրբ ծննդյան ավանդույթները։ 

Հայաստան․ Ջրօրհնեք

освещение воды

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Աստվածահայտնության տոնը, որի կարևոր բաղադրիչներից է ջրի օրհնությունը՝ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մկրտության Հորդանան գետում։ Այդ օրը հավատացյալները մասնակցում են Ջրօրհնեքի պատարագի, որի ընթացքում ջուրը օրհնվում է և համարվում է բարեբերության, առողջության և հոգևոր մաքրության խորհրդանիշ։

Հայկական ավանդույթի մեջ, ի տարբերություն այլ երկրների, ջրօրհնեքը ավելի հոգևոր բնույթ ունի։ Երբեմն օգտագործվում են խաչեր կամ օրհնված առարկաներ, սակայն ավանդույթը չի ներառում մրցույթ կամ խաղ՝ ջրից որևէ առարկա գտնելու տեսքով։

Ջրօրհնեքը հայ հավատացյալների համար նաև ընտանեկան ավանդույթի մաս է, երբ օրհնված ջուրը պահվում է տանը ամբողջ տարի՝ որպես հոգևոր պաշտպանության և երջանկության խորհրդանիշ։ 

Բուլղարիա. Հորդանան գետի օրը

Болгария, освещение воды 

Հունվարի 6-ին Բուլղարիայում նշվում է Սուրբ Ծնունդը և Հիսուս Քրիստոսի մկրտությունը, հայտնի նաև որպես «Յորդանովդեն» կամ «Հորդանան գետի օրը» անվանումներով: 

Պատարագից հետո քահանաները գլխավորում են մարդկանց երթը դեպի մոտակա ջրային տարածքներ և օրհնում ջուրը՝ խաչը նետելով ջրի մեջ: Կամավորները փորձում են վերադարձնել խաչը։ Ով առաջինը կարողանում է գտնել և վերադարձնել խաչը, արժանանում է օրհնության: 

Այս ավանդույթը հատկապես տարածված է Կենտրոնական Բուլղարիայում, որտեղ այն համախմբում է բոլոր տարիքի մասնակիցների և այցելուների ողջ երկրից: 

Մեքսիկա․ օղակաձև հաց՝ Հիսուսի արձանիկով 

Мексика, Rosca de Reyes

Մեքսիկայում Սուրբ Ծնունդից հետո ավանդույթ է դարձել թխել rosca de reyes-ը՝ գեղեցիկ օղակաձև քաղցր հաց, որի ներսում թաքնված է մանուկ Հիսուսի փոքրիկ արձանիկը: 

Rosca de Reyes-ը Մեքսիկայում Սուրբ Ծննդյան շրջանի ամենասիրված և մարդաշատ ավանդույթներից մեկն է, որը նշվում է հունվարի 6-ին։ Այդ առիթով պատրաստվում է օղակաձև քաղցր հացը՝ զարդարված գունավոր չրերով։ Հացի ներսում թաքցվում է մանուկ Հիսուսի արձանիկը, և այն մարդը, ով գտնում է այդ արձանիկը, ավանդույթի համաձայն, պարտավորվում է փետրվարի 2-ին հյուրասիրել մյուսներին։ Rosca de Reyes-ը ոչ միայն քաղցրավենիք է, այլև ընտանեկան ավանդույթների և տոնական ուրախության խորհրդանիշ։ 

Rosca de reyes–ի ավանդույթը տարածված է նաև Իսպանիայում և լատինաամերիկյան այլ երկրներում։ 

Ֆիլիպիններ․ լապտերների փառատոն և Simbang Gabi

Филиппины, фестиваль

Ֆիլիպիններում Սուրբ Ծննդյան տոնական շրջանը սկսվում է շատ վաղ և համարվում է աշխարհի ամենաերկարներից մեկը։

Դեկտեմբերի կեսերին Ֆիլիպիններում անցկացվում է լապտերների փառատոնը (Giant Lantern Festival), հատկապես Պամպանգա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում։ Փառատոնի ընթացքում ներկայացվում են հսկայական, գունագեղ լապտերներ՝ parol, որոնք աստղի տեսք ունեն և խորհրդանշում են Բեթղեհեմյան աստղը։ Լապտերները պատրաստվում են ձեռքով և լուսավորվում բարդ էլեկտրական համակարգերով՝ վերածվելով իրական լուսային շոուների։

Филиппины

Ֆիլիպիններում պահպանվել է նաև Simbang Gabi (ֆիլիպիներենից թարգմանաբար՝ «Գիշերային պատարագ») կաթոլիկ ավանդույթը՝ վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան մատուցվող ինը պատարագների շարք, որոնք անցկացվում են դեկտեմբերի 16-ից 24-ը՝ Սուրբ Ծննդին նախորդող օրերին։ Այս պատարագները կարևոր դեր ունեն Ֆիլիպինների կաթոլիկ համայնքի համար՝ որպես Սուրբ Ծննդյան նախապատրաստության մաս։

Պատարագից հետո մարդիկ վայելում են տեղական համեղ քաղցրավենիք՝ պուտո բումբոնգ, բիբինգկա և տաք շոկոլադ, որը տոնին հաղորդում է ուրախություն ու ընտանեկան ջերմություն:

Վենեսուելա․ եկեղեցի չմուշկներով և Misa de Aguinaldo

Венесуэла

Misa de Aguinaldo-ն Վենեսուելայում տարածված յուրահատուկ կաթոլիկ ավանդույթ է, որը կապված է Սուրբ Ծննդյան նախապատրաստության հետ։ Այն իրենից ներկայացնում է վաղ առավոտյան մատուցվող հատուկ պատարագների շարք, որոնք անցկացվում են դեկտեմբերի 16-ից 24-ը՝ Սուրբ Ծնունդին նախորդող ինը օրերի ընթացքում, ինչպես Ֆիլիպիններում։

Պատարագները սովորաբար սկսվում են շատ վաղ՝ առավոտյան ժամը 5–6-ի սահմաններում և ուղեկցվում են ուրախ, ժողովրդական երաժշտությամբ։ Ավանդական եկեղեցական շարականների փոխարեն հնչում են aguinaldos կոչվող տեղական Սուրբ Ծննդյան երգերը, որոնց կատարման համար օգտագործվում են ազգային երաժշտական գործիքներ՝ քուատրո, մարակասներ և թմբուկներ։

Վենեսուելայում Misa de Aguinaldo-ն ոչ միայն կրոնական արարողություն է, այլև համայնքային տոն։ Պատարագներին հաճախ մասնակցում են ընտանիքներ և երեխաներ, իսկ որոշ քաղաքներում, հատկապես մայրաքաղաք Կարակասում, ձևավորվել է նաև յուրահատուկ տոնական սովորույթ․ երեխաներն ու երիտասարդները առավոտյան պատարագներին գնում են չմուշկներով։ Այս ավանդույթի հետ կապված է նաև գեղեցիկ լեգենդ՝ երեխաները գիշերը քնելուց առաջ ոտքի մատին թել են կապում, որի մյուս ծայրը թողնում են պատուհանից դուրս, որպեսզի առավոտյան անցնող չմուշկավորները քաշեն թելը և արթնացնեն նրանց՝ պատարագին մասնակցելու համար։ 

Աշխարհի տարբեր երկրներում Սուրբ Ծննդյան ավանդույթները բազմազան են, յուրահատուկ և երբեմն անսովոր, բայց բոլորն ունեն մեկ ընդհանուր նպատակ՝ ստեղծել տոնական տրամադրություն, ամրապնդել ընտանեկան կապերը և պահպանել հավատքի ու մշակույթի խորհրդանիշերը։

Լուսանկարները գեներացված են արհեստական բանականության միջոցով