ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի դերասան Բեն Սթիլերը խոստովանել է, որ շագանակագեղձի քաղցկեղ է ունեցել:
Այն ախտորոշվել է երկու տարի առաջ: Վիրաբույժները հաջողությամբ հեռացրել են ուռուցքը, հայտնում է
Lenta.ru-ն՝ հղում անելով NME-ին:
«Դա ինձ համար անսպասելի էր, ես գաղափար էլ չունեի, թե ինչ անել: Չգիտեի, թե ինչ կարող է պատահել, վախենում էի: Քաղցկեղը կանգնեցնում է կյանքը, ես նույնիսկ չէի կարողանում նկարահանումներ ծրագրել»,- պատմել է դերասանը:
Սթիլերի խոսքով, այժմ նա մշտապես բուժզննում է անցնում: Նա կոչ է արել տղամարդկանց հաճախ դիմել բժշկի՝ հետազոտվելու:
«Սա ըստ մահացության քաղցկեղի երկրորդ տեսակն է, բայց բուժելիներից մեկը»,- ասել է 50-ամյա դերասանը:
Բեն Սթիլերն ամենից հաճախ խաղում է կատակերգություններում: Նա հայտնի է «Օրինակելի արու», «Ծանոթություն Ֆաքերների հետ», «Գիշերը թանգարանում», «Անհաջողության զինվորները», «Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը» ֆիլմերով: -0-