ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Microsoft խոշորագույն կորպորացիայի հիմնադիր և խոշոր բաժնետեր Բիլ Գեյթսը մասնակցել է Reddit–ում անցկացվող «Գաղտնի Սանտա» ամենամյա ֆլեշմոբին և տոնական նվերներով է «ողողել» պորտալի այցելուներից մեկին, հայտնում է Business Insider–ը, գրում է
telecom.arka.am պորտալը։
Տոնական ակցիայի պայմաններով, Reddit–ի օգտատերերը վիճակահանության միջոցով պարզում են, թե ով և ում է նվեր ընծայելու Սուրբ ծննդյան առիթով։ Պորտալի մշտական այցելու և համատեղությամբ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկին` Բիլ Գեյթսին, ով արդեն չորրորդ անգամ է մասնակցում «Գաղտնի Սանտային», բաժին է ընկել Aerrix նիքով (իսկական անունը` Ալիսիա) աղջիկը։
Նշվում է, որ Ալիսիան մասնակցել է ֆլեշմոբին նախորդ տարի, բայց այն ժամանակ նրա «գաղտնի Սանտան» որևէ կերպ չդրսևորեց իրեն։ Սակայն այս անգամ Գեյթսը պատասխանատու կերպով մոտեցավ առաջադրանքին` ուշադիր ուսումնասիրելով աղջկա էջը` նա ընտրեց նվերներ, որոնք առավելագույնս համապատասխանում են նրա հետաքրքրություններին։
Արդյունքում Microsoft–ի հիմնադիրն աղջկան նվիրել է The Legend of Zelda–ի թուրը, Xbox One կոնսոլ, տարբեր գույների երեք վերահսկիչ ԾԱ, տեսախաղերով մի քանի սկավառակ, խոհարարական գիրք, Nintendo ութբիթանոց խաղահարթակ, տաք հագուստի բազմաթիվ պարագաներ և իր սիրած երեք ֆիլմերը` «Մարսիացին», «Տուրի ավարտը» և «Հավատա` Էդդի Իզարդի պատմությունը»։
Նվերներին կցվել էր նաև Գեյթսի ձեռքով գրված նամակ։ «Չեմ կարող հավատալ, որ ձեր «գաղտնի սանտան» ձեզ ոչինչ չի նվիրել նախորդ տարի։ Reddit հանրության նկատմամբ ձեր հավատը վերականգնելու համար` ձեզ մի քանի նվեր եմ ուզում նվիրել։ Հույս ունեմ` դրանք ձեզ դուր կգան։ Նաև զոհաբերություն եմ կատարել ձեր անունից Code.org–ում, որ ավելի մեծ թվով ուսանողներ կարողանան ինֆորմատիկա ուսումնասիրել։ Լավագույն ցանկություններով` Սիեթլից, Բիլ Գեյթս»,– ասվում է նամակում։
Ալիսիայի խոսքով, սկզբում նա չէր կարողանում հասկանալ, թե որտեղից են իր հյուրասենյակում հայտնվել այսքան մեծ թվով նվերներ։ Բայց երբ կինն ուշքի եկավ, նրա ուրախությունը սահման չուներ։ «Xbox One! Minecraft հատուկ պարբերական։ Շատ–շատ շնորհակալ եմ, միսթեր Գեյթս։ Ես երբեք չեմ մոռանա այս Սուրբ ծնունդը»,– ասել է նա։ -0-