ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն երեքշաբթի անակնկալ այցելել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
«Հենրիխ Մխիթարյանը բոլոր երեխաներին հանձնել է նվերներ, իսկ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնին՝ համակարգիչներ: Երեխաները խոստացել են անպայման ֆուտբոլ նայել և խաղալ, իսկ ամենակարևորը՝ շատ կարդալ այդ համագարգիչների օգնությամբ»,-ասված է հաղորդագրությունում:
Մխիթարյանի այցելությունը մեծ խանդավառություն է առաջացրել երեխաների շրջանում, որոնք բոլորն էլ ճանաչում և սիրում էին Հենրիխին, դիտում նրա մասնակցությամբ հանդիպումները, երկրպագում նրան և ուրախանում նրա հաջողություններով:
Մխիթարյանը սեղանի թենիս է խաղացել երեխաների հետ, լուսանկարվել գրեթե բոլորի հետ՝ շատերի հետ առանձին-առանձին և իհարկե՝ խմբով: Երեխաները վանկարկել են Հենո, Հենո, Հայաստան, Հայաստան: Մինչ Հենրիխը կցանկանար շնորհավորել Ամանորի և գալիք Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, երեխաներն արտասանել են Հայր Մերը, որին միացել է և Հենրիխը:
«Նախ և առաջ ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ, որ միշտ առողջ լինեք, լավ մարդ դառնաք, կյանքում ունենաք շատ հաջողություններ և ապագայում կազմեք լավ ընտանիք, որպեսզի ձեր նման գեղեցիկ երեխաներ ունենաք»,- երեխաներին դիմելով՝ ասել է Մխիթարյանը:
ՀՖՖ նախագահը հանձնեց տարվա լավագույնների մրցանակները>>
Վերջում երեխաները ներկայացրել են իրենց կողմից բեմադրված պարային համարներ: Ինչպես երեխաները, այնպես էլ կենտրոնի ղեկավարությունն ու անձնակազմը իրենց երախտագիտությունը հայտնեցին Հենրիխ Մխիթարյանին: Նրանք մի քիչ շփոթված էին Հենրիխի անակնկալից:-0-