«Սրանից հետո մենակ կշարունակեմ, արդեն սովոր եմ». Գոհար Ավետիսյանը վերջապես խոսել է ամուսնուց բաժանվելու մասին (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Մոսկվայաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն Instagram-ի իր էջում հաստատել էր արմավիրցի գործարար Սերգեյ Գրիգորյանից ամուսնալուծվելու լուրերը:
Նա հրապարակել էր տեսանյութ, որտեղ հնչում էր «Плакала» («Լացում էի») երգը և հայտնել, որ բաժանվել է ամուսնուց:
Դիմահարդարը խոստովանել է, որ սիրելին իրեն միայնակ է թողել ամենածանր պահին:
«Ես այսպես չկարողացա: Հավատում էի, որ մեր միությունը մինչև խոր ծերություն կլինի ու իրար հակապատկեր լինելը շատ լավ է: Բայց ինչպես կյանքը ցույց տվեց, առանց աջակցության, սիրո, հոգատարության ու խնամքի անգամ ամենավառ արևը դադարում է շողալ»,-գրել է դիմահարդարը:
Գոհար Ավետիսյանն անդրադարձել է նաև դեկտեմբեր ամսին առաջացած վիրահատական բարդություներին: Գրել է, որ իր համար ամենաճակատագրական ամիսն էր, քանի որ որոշ բժիշկներ գրում էին, զանգում իրեն ու ասում, որ արյան վարակ ունի՝ սեպսիս, ու 99% դեպքում դա մահացու ելք է:
«Ի՞նչ էր տեղի ունենում ինձ հետ: Մտածում էի՝ կյանքս հիանալի է եղել, բայց մի՞թե այսքան արագ կավարտվի: Ախր չեմ տեսնի, թե Գասպարն (Գոհարի որդին, խմբգր.) ինչպես առաջին դասարան կգնա, ինչպես կսիրահարվի ու կամուսնանա: Ու այդ ամենն ինձ չհանձնվելու ուժ էր տալիս»,-գրել է Գոհարը:
Դիմահարդարի խոսքով՝ նա բավական բաց մարդ է, բայց իր համար ամենաբարդ շրջանում ֆիզիկապես ու հոգեպես միայնակ է եղել: Մինչ այդ նման պահեր էլի շատ էին եղել, բայց դա վերջնակետն էր:
«Ինձ համար ընտանիքն ամենակարևորն է, սա մեծ կորուստ է, հույսերս և թևերս կոտրվել են: Անչափ շնորհակալ եմ Սերգեյին իմ կյանքի գլխավոր իմաստի՝ Գասպարի համար: Նա մինչև կյանքի վերջը կկապի մեզ: Բայց սրանից հետո մենակ կշարունակեմ, արդեն սովոր եմ», – եզրափակել է Գոհարը:
Գոհարի և Սերգեյի համար սա երկրորդ ամուսնությունն էր: Գոհարն ավելի վաղ ամուսնացած էր ձեռներեց Վանիկ Մարտիրոսյանի հետ, սակայն ամուսնությունը երկար չտևեց:-0-