ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Մոտ 30 դեղամիջոց աշխատում է Չինաստանում գրանցված նոր կորոնավիրուսի դեմ, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում նշել է Պետդումայի կրթության և գիտության կոմիտեի առաջին փոխնախագահ, բժիշկ–համաճարակաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ Գենադի Օնիշչենկոն։
«Բոլոր դեղամիջոցները բուժում են, դրանք աշխատում են այդ վիրուսի դեմ։ Դրանցից 12–ն այն դեղամիջոցներն են, որոնցով մենք բուժում ենք ՄԻԱՎ–ը։ Մենք այդ դեղամիջոցները տալիս ենք ՄԻԱՎ–ով վարակված մեր երեխաներին` կանխարգելման համար, այդ դեղամիջոցներից են «Ինդինավիրը», «Սակվինավիրը»։ Այս բոլոր դեղամիջոցները, Փառք Աստծուն, աշխատում են կորոնավիրուսի դեմ», – նշել է նա։
2019-nCoV կորոնավիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբի բռնկում է գրանցվել է նախորդ տարվա դեկտեմբերին Չինաստանի Խուբեյ նահանգի վարչական կենտրոնում` Ուհան քաղաքում, որը խոշոր առևտրա–արդյունաբերական կենտրոն է` ավելի քան 11 մլն բնակչությամբ, հաղորդում է
ՏԱՍՍ–ը։ Հիմա Չինաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 2,7 հազարը, մահացել է 80 մարդ։
Հիվանդացության դեպքեր են գրանցվել Չինաստանի գրեթե բոլոր շրջաններում, այդ թվում` Պեկինում և Շանհայում։ Կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել նաև Ավստրալիայում, Վիետնամում, Կորեայում, Մալայզիայում, Նեպալում, Սինգապուրում, ԱՄՆ–ում, Թաիլանդում, Ֆրանսիայում, Ճապոնիայում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշել է, որ թոքաբորբի բռնկումն ազգային արտակարգ իրավիճակ է Չինաստանի համար, կազմակերպությունը դեռ ձեռնպահ է մնացել միջազգային արտակարգ իրավիճակի ռեժիմ հայտարարելուց։–0–