Ռուսաստանում օտարերկրացիները ՌԴ քաղաքացի դառնալու համար կարող են չհրաժարվել իրենց քաղաքացիությունից

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Ուրբաթ ՌուսաստանիՊետդուման երկրորդ և անմիջապես երրորդ ընթերցմամբ ընդունեց մի օրինագիծ, որը թույլ կտա օտարերկրացիներին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալիս չհրաժարվել իրենց քաղաքացիությունից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ներկայումս, երբ դիմում են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար, օտարերկրացիները պետք է հաստատեն, որ իրենց երկրում դիմել են լիազոր մարմիններին՝ իրենց քաղաքացիությունից հրաժարվելու մասին դիմումով: Օրինագիծը բացառում է այդ պահանջը: Նշվում է, որ Ներքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից կստանա ծանուցումներ մեկ այլ պետության քաղաքացիության առկայության կամ դադարեցման մասին և կպահպանի նման ծանուցումների գրառումը` Կառավարության սահմանած կանոնների համաձայն:
Այս պահի դրությամբ նման կանոնը ուժի մեջ է միայն ԴԺՀ-ի և ԼԺՀ- ի քաղաքացիների համար: Օրինագիծն ուժի մեջ մտնելուց հետո այն կկիրառվի բոլոր արտասահմանյան երկրների քաղաքացիների համար: Պետդումայի պատգամավորները խոսել էին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նման փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին, պետության ղեկավարը հավանություն էր տվել խորհրդարանականների դիրքորոշմանը, այս մասին ավելի վաղ նշել էր ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:
Երեքից մինչև մեկ տարի կրճատվում է պարզեցված կարգով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու դիմումի համար պահանջվող աշխատանքային ժամանակահատվածը այն անձանց համար, ովքեր կրթություն են ստացել Ռուսաստանում:-0-