Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է Բաքվում դատական ֆարսի ժամանակ

26.02.2025, 10:18
Փետրվարի 18-ից հացադուլի մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է  Բաքվում դատական ֆարսի ժամանակ
Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է Բաքվում դատական ֆարսի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 18-ից հացադուլի մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է  Բաքվում դատական ֆարսի ժամանակ, հայտնում է aysor.am–ը։ 

Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած խիստ սահմանափակ տեղեկություններից պարզ է դառնում, որ նախօրեին Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբանը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, ինչը մերժվել է՝ առանց քննարկման։ 

Այնուհետեւ Վարդանյանն ընդմիջում է խնդրել՝ ինքնազգացողությունը վատ լինելու պատճառով, ինչից հետո նիստը շարունակվել է։ 

Իրեն առաջադրված մտացածին մեղադրանքների վերաբերյալ հարցերին Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել։ 

Բաքվում պահվող հայ գերիների մասին

Պաշտոնապես Ադրբեջանը հաստատում է միայն 33 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կալանավորումը, սակայն հայ իրավապաշտպանները պնդում են ևս 80 հայ գերիների մասին:

Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է շինծու դատավարությունը 18 հայ բանտարկյալների նկատմամբ։ Նրանց թվում են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳՆ նախկին ղեկավար և նախագահի նախկին օգնականը Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել միջազգային հանրությանը և նշել, որ իրեն առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում: «Բայց մինչև հիմա ինձ հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը: Ինձ և իմ փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ես չեմ տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված՝ 2024թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թ. հունվարի 8-ը: Հոդվածների ցանկը, որոնցով ինձ մեղադրանքներ են առաջադրված, ռուսերենով ես ստացել եմ միայն 2025թ. հունվարի 8-ին: Միևնույն ժամանակ ճնշում է գործադրվել իմ, իմ փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն մեզ ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ», – նշել է Վարդանյանը։